Ս․թ․ ապրիլի 3-ին ԵՄՀ կարիերայի զարգացման և գործատուների հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց ամենամյա «Կարիերայի և մասնագիտական կողմնորոշման օր» հմտությունների զարգացման նախագիծը։
ՀՀ ավագ դպրոցների և քոլեջների ավելի քան հարյուր հիսուն սովորող հնարավորություն ունեցավ դեմ առ դեմ հանդիպելու և հարցեր ուղղելու գործատուներին, մասնակցելու մասնագիտական դասընթացների։
Մասնակիցներին առաջինը ողջունեց ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը,- «Եվրասիա միջազգային համալսարանն ավանդույթ դարձած այս համաժողովը կարևորում է այնքանով, որ յուրաքանչյուր ոք կարիերայի կառուցման, մասնագիտական կողմնորոշման կարիք ունի: Մեր նպատակն է աջակցել ձեզ, որ դուք ևս մեկ անգամ համոզված լինեք՝ արդյոք ճի՞շտ մասնագիտություն եք ընտրել, կամ միգուցե այս միջոցառման արդյունքում, ծանոթանալով այլ մասնագիտություններին, ձեզ մոտ ինքնախմբագրում՝ փոփոխություններ տեղի ունենա՝ մեկ այլ մասնագիտություն ընտրելով: Հասարակության զարգացման հետ մեկտեղ փոփոխվում են նաև մասնագիտությունները: Աստիճանաբար խորանում են հիմնարար գիտությունները, որոնց հիմքով ի հայտ է գալիս երրորդ՝ միջանկյալ գիտությունը, և ըստ այդմ էլ՝ առաջանում են բոլորովին նոր մասնագիտություններ: Այսօր ավանդական մասնագիտությունները ուսանելուց բացի, պետք է քայլ առաջ կատարել՝ մի նոր մասնագիտություն ձեռք բերելով, և պետք է նոր հմտություններ ձեռք բերել՝ աշխատաշուկայում համապատասխան տեղ զբաղեցնելու համար» :
«ԱՌԱՆՑ ՓՈՐՁԻ, ԲԱՅՑ ՓՈՐՁԱՌՈՒ․ ճանապարհ դեպի մասնագիտական աշխատանք» քննարկումներում ներգրավված գործատուներն անդրադարձան ժամանակակից աշխատաշուկայի և գործատուի պահանջներին։
«Վեբ Ապրիկոտ» ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Լուսինե Նալբանդյանը նշեց, որ-«Իդեալական մասնագետը նախ մասնագետ է: Անձը կարող է լինել տարիների փորձով, բայց չլինել մասնագետ: Պետք է ունենալ անձնային այնպիսի որակներ, որով կկարողանաք դառնալ թիմի անդամ: Շատ կարևոր է ինքնակրթվելու, ինքնուրույն աշխատելու կարողունակությունը, քանի որ հակառակ դեպքում դուրս կմնաք աշխատաշուկայից: Ոլորտում հաջողակ համարվելու համար պետք է կարողանալ հաճույք ստանալ աշխատանքային պրոցեսից և աշխատանքի արդյունքից՝ 50/50 հարաբերակցությամբ»:
«Մոլեկուլային կենսատեխնոլոգիա և ֆունկցիոնալ գենոմիկա» ինստիտուտի գիտաշխատող, , կ.գ.թ. դոցենտ Աննա Սուքիասյան ընդգծեց, որ-« Պետք է կարողանալ համատեղել ուղղությունները. օրինակ, եթե պլանավորում եք դառնալ դասախոս, ապա պիտի հաշվի առնել, որ առանց գիտության հումքի, չեք կարող կայանալ, քանի որ պիտի կարողանաք կրթել, հետաքրքրել ձեր լսարանին և զարգացնել յուրաքանչյուր ուսանողին համապատասխան կարողություններ և հմտություններ: Չպետք է բավարարվել նվազագույն գիտելիքներով, պետք է մշտապես աճել ու զարգանալ»:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին առընթեր, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ի.գ.թ. Արամ Այվազյանը կարևորեց մասնագետի աշխատանքային օրվա հագեցվածությունը, զբաղվածությունը, այլ կերպ ասած՝ օրը պետք է լցնել մասնագիտության պահանջներով: «Կարևորում եմ մասնագետի անձնային, հոգեբանական առանձնահատկությունները: Բազմիցս նշել եմ, որ լավ քննիչը լավ իրավաբան լինելուց բացի, որոշակի իմաստով, պետք է նաև լավ դիվանագետ լինի, քանի որ քննիչի աշխատանքը շահերի տեսանկյունից առնչվում է հակադիր կողմերի հետ»,- ամփոփեց խոսքը բանախոսը :
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սմբատ Մինասյանը ընդգծեց, որ-«Բոլոր մասնագիտությունների դեպքում կարևոր է ունենալ ճշտապահություն, կարգապահություն, տրամաբանելու, վերլուծելու կարողունակություն: Մասնագետը պետք է մշտապես պատրաստ լինի ինքնակատարելագործվելու, իր աշխատանքի առանձնահատկություններից ելնելով՝ պետք է կարողանա իրազեկ լինել տարբեր ոլորտներից, քանի որ ո՛չ մի մասնագիտություն ստանդարտ չէ: Որպես գործատու՝ կարևորում եմ նաև ուսումնառության ընթացքում անցած պրակտիկան»:
Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ՊԴԳ բաժնի ղեկավար Մկրտիչ Շաքարյանն առանձնացրեց երկու գլխավոր հատկանիշներ, որոնցով ապահովվում է աշխատողի հետ իրավահարաբերությունները ՝ կոմպետենտությունը և անձնական հատկանիշները: «Կոմպետենտություն՝ նշանակում է համապատասխան կրթություն, աշխատանքային փորձ, վերապատրաստումներ և ավագ մասնագետների կողմից քննությունների կազմակերպում: Այս չորս կետից որևէ մեկի բացակայության դեպքում մյուսները չեն գործի: Անձնային հատկանիշների դեպքում կարևորվում է ազնվությունը, անաչառությունը»:
Լրագրող, հեռուստառադիոմեկնաբան Տիգրան Հարությունյանը նշեց, որ- « Պետք է սիրել այն ընկերությունը, որտեղ աշխատում եք: Լավ մասնագետ՝ նշանակում է լինել լավ մարդ, լինել պարտաճանաչ ու համեստ»:
Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Արտակ Մարտիրոսյանի կարծիքով Գործատուն առաջնորդվում է լավագույն աշխատողի հստակ ցուցանիշներով: «Պետք է կարողանալ փոխադարձ համագործակցություն ձևավորել գործատուի հետ և կարողանալ հաստատել առողջ փոխըմբռնում: Այլ կերպ ասած՝ միշտ հիշել, որ աջակցության կարիք ունի ո՛չ միայն աշխատակիցը, այլ նաև կազմակերպությունում գործատուն»:
Քննարկումները վարեց ԵՄՀ հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը։