Երևանից 40 կմ հեռավորության վրա է գտնվում Անտառուտը՝ փոքրիկ, ցուրտ, գյուղի կոլորիտը պահած։ Հենց այստեղ է ապրում փոքրամարմին, կապտաչյա Աստղիկը։ Դպրոցում է աշխատում։ Ասում է՝ գյուղի բնակիչները կարծես մի տան մեջ ապրեն, «բոլորը գիտեն ով ինչ է անում, ուր ու ինչու է գնում, մեկը մյուսի դատավորն է»։
Երբեմն, կատակում է ՝«Այսօրվա դասիս վերնագիրն անգամ գիտեն»։ Աստղիկը հասարակության կարծիքից վախենալով և ընտանիքի պարտադրանքով ամուսնացավ։
«Ես կույս չէի, ընտանիքիս անդամներն իմանալով այդ մասին, որոշեցին ինձ արագ ամուսնացնել առաջին իսկ «ուզողի» հետ։ Մարզերում մինչ օրս էլ շատ քննադատաբար են վերաբերվում այս հարցին։ Պատկերացրեք Անտառուտ գյուղը, մարդկանց, նրանց հայացքներն ու մտածելակերպը»,– ասում է նա։ Վստահ է՝ իր կյանքն էլ քննարկումների տեղիք է տալիս, չնայած, որ ողջ ճշմարտությունը ոչ ոք չգիտի․
«Լսեցի հորս, ամուսնացա, միայն նրա համար, որ հայրս գլուխը կախ, ման չգա գյուղում։ Մեկ ամիս չանցած ես փախա։ Ահավոր էր նրա կողքին ապրելը։ Մարմնիս վրա ազատ տեղ չէր մնացել, ամբողջը կապտուկներ էին ու ամեն օր նորերն էին ավելանում, իր տված ծաղիկն անգամ ինձ համար տհաճ էին, ուր մնաց կողքին քնելը կամ իր մատնանշած ամուսնական պարտականությունները կատարելը։ Քանի որ տանն ինձ չէին ընդունում. Եղբայրս ասել էր՝ քույր չունի այլևս, չգիտեի ուր գնալ, ինչ անել։ Գնացի քրոջս տուն։ Ոստիկանություն դիմեցի ապահով լինելու համար, շատ էի վախենում։ Իմացա, որ հղի եմ, պտուղը հեռացրի։ Մինչև օրս ոչ ոք չգիտի հղիությանս մասին, էլ երբեք չեն ների ինձ։ Ես իմ կյանքը կառավարելու իրավունքից սկսել եմ օգտվել այդ ժամանակ, ու առաջինն աբորտն էր»,– պատմում է Աստղիկը։
Երևանում երկու տուն կա`սովորականներից որևէ ձևով չտարբերվող, որտեղ ապաստան են գտնում բռնության ենթարկված, իրենց բնակվելու վայրից փախած և որոշ ժամանակ թաքնվելու կարիք ունեցող կանայք: Այս ապաստարանների տեղի, նույնիսկ գոյության մասին քչերը գիտեն։
Ապաստարանում գտնվող կանանց հետ աշխատող հոգեբաններից մեկը՝ Մարինե Աղումյանը, նշում է, որ կանայք միայն ապահով գոտում հայտնվելուց հետո են լիարժեք գիտակցում, թե ինչ է իրենց հետ կատարվել.
«Գրեթե նույն սցենարն է, բռնարարների կերպարները շատ նման են: Երբեմն, տպավորություն է, որ կանայք նույն մարդու մասին են պատմում: Իրենք ընդհանուր հատկանիշներ ունեն՝ գերկասկածամտություն, որը հաճախ նման կերպ է մեկնաբանվում. «Սիրում է, դրա համար էլ խանդում է»։ «Գերհոգատարության» դրսևորում՝ կնոջը չեն թողնում աշխատել, ֆինանսապես անկախ ու կայուն լինել, ստիպում են կնոջը հավատալ, որ դա ոչ թե բռնություն է, այլ հոգատարության դրսևորում։ Իշխելու ցանկություն՝ դրա համար ամեն մեթոդ կարող են օգտագործել: Հատկանիշ, որ գրեթե բոլոր բռնարարների մոտ կա, զոհին արժեզրկելն է, ինքնագնահատականը 0-ի հասցնելը, հավատացնելը, թե ինքն է մեղավոր, որ տղամարդն այդպես է վարվում իր հետ: Ցավալին այն է, որ շատ բաներ մեր հասարակությունում կարող են ընկալվել որպես նորմալ, բայց դա բռնարարին հատուկ հատկանիշ լինեն»,- բացատրում է հոգեբանը։
Ըստ վիճակագրական տվյալների՝ ընտանեկան բռնության դեպքերի ամենամեծ թիվը գրանցվում է Երևանում, ապա՝ Արագածոտնում և Գեղարքունիքում։ Հայաստանում երբևէ զուգընկեր ունեցած կանանց 14,8 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական, 6,6 տոկոսը՝ սեռական, 31,8 տոկոսը հոգեբանական բռնության։ Զուգընկերոջ կողմից դաժան ֆիզիկական բռնության ամենաշատը ենթարկվել են 25-44 տարիքային խմբի կանայք։ Համաձայն հետազոտության՝ գյուղաբնակ կանայք ավելի շատ են ենթարկվում ֆիզիկական բռնության, քան քաղաքաբնակները։
Երբևէ զուգընկեր ունեցած քաղաքաբնակ կանանց 17,8 տոկոսն է ենթարկվել դաժան կամ չափավոր բռնության, գյուղաբնակ կանանց՝ 19,5 տոկոսը։ Համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի գրանցած տվյալների՝ 2019 թ-ի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 485 դեպք, որից 126-ով հարուցվել է քրեական գործ, որից էլ 99 կարճվել է։ 2020-ին 540 դեպք 150-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 111-ը կարճվել է։
2021-ին 472 դեպք 101 -ով հարուցվել է քրեական գործ, որից 80-ը կարճվել է։ 2022 քննվել է 333 դեպք, որից 138-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 82-ը կարճվել է։ 2023թ-ի 6 ամիսների ընթացքում քննվել է 116 դեպք 116-ով հարուցվել է քրեական գործ, որից 21-ը կարճվել է։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի Հաղորդակցության պատասխանատու Սառա Խոջոյանն ասում է՝ Կանխարգելման և պաշտպանական մեխանիզմները լավ չեն աշխատում. «Դա տեսնում ենք ամեն օր արձանագրված դեպքերից։ Ցավոք սրտի Հայաստանում դեռ խնդիր է, բայց համեմատելով 10 տարի առաջվա հետ այսօր մենք ունենք բռնության ենթարկվածին պաշտպանելու համար ավելի լավ մեխանիզմներ, օրինակ` օրենքը»։
Այսօր ՀՀ-ում գործում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքը: Այն սահմանում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանություն իրականացնող մարմինները և նրանց գործառույթները:
Հայաստանում ընտանիքում բռնությունը թաքնված երևույթ է և ոչ բոլոր են դիմում իրավապահ մարմինների օգնությանը: Այնուամենայնիվ, քրեական օրենսգրքում որոշակի դրույթների փոփոխություն է եղել, օրինակ՝ եթե նախկինում կինը բողոք էր ներկայացնում ամուսնու դեմ, սակայն լինում էին դեպքեր, երբ ամուսինը վախեցնում էր ու կինը հետ էր վերցնում բողոքը, քննչական գործողությունն իրականացնողներն այլևս այդ գործով աշխատանքներ չէին իրականացնում, սակայն այժմ քրեադատավարական ոլորտում կատարվեց փոփոխություն և անգամ բողոքը հետ վերցնելու դեպքում էլ շարունակվում է գործի քննությունը։
Ընտանեկան բռնությունը հաճախ ավարտվում է շատ ավելի վատ, քան կարող ենք պատկերացնել։ Կնասպանությունը կանանց նկատմամբ բռնության ծայրահեղ դրսևորումներից է, որի տարածվածությունն ամբողջ աշխարհում տագնապալի թվերի է հասնում: Կնասպանության դեպքերը Հայաստանում հաճախ են լինում։ Ամեն տարի միջինում 10 կին սպանվում է ամուսնու, նախկին ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի մոտավորապես 66 000 կին և աղջիկ է բռնությամբ սպանվում, որը կազմում է բոլոր դիտավորյալ սպանությունների թվի 17%-ը։ Ընտանեկան բռնության ծայրահեղ դրսևորումներից է նաև ինքնասպանության հասցնելը։ Երկարատև բռնության անտանելիությունը հաճախ զոհերին ստիպում է անդառնալի քայլերի դիմել։
Ըստ ՀՀ ոստիկանության՝ վերջին 5 տարվա տվյալների ունենք հետևյալ պատկերը։ 2019թ-ին գրանցվել է 8 դեպք, որից 2-ը ընտանիքում կատարված դեպք է։ 2020-ին գրանցվել է 14 դեպք, որից 7-ը ընտանիքում կատարված դեպք է։ 2021-ին 13 դեպք, որից 6-ը ընտանիքում կատարված։ 2022-ին 18, որից 8-ը ընտանիքում կատարված դեպք է։ Իսկ 2023 թ-ի 6 ամիսներին գրանցվել է 7 դեպք, որից 2-ը ընտանիքում կատարված։
Իսկ Անտառուտում ապրում է Աստղիկը։ Կյանքի բոլոր փորձությունները հաղթահարելուց հետո սկսեց աշխատել դպրոցում։ Կատակում է ՝ «Հուսով եմ գյուղացիներն արդեն այլ թեմաներ կունենան ու ինձ մոռացած կլինեն»։
Անի Ավետիսյան
Լրագրություն, 3-րդ կուրս