ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Բոլոնիայի գործընթացի սկզբունքների տեղայնացումը Եվրասիա միջազգային համալսարանում
ՀՀ-ի ինտեգրմանը եվրոպական բարձրագույն կրթական միասնական տարածք Եվրասիա միջազգային համալսարանն արձագանքեց դեռևս 2001 թ-ին շրջանավարտներին շնորհելով բակալավրի որակավորման աստիճան: Ավելի ուշ` 2003 թ-ին, համալսարանի բոլոր մասնագիտություններում ներդրվեց նաև կրթական երկրորդ` մագիստրոսական աստիճանը, և բուհն անցավ երկփուլ կրթական համակարգի` ապահովելով Բոլոնիայի գործընթացով ենթադրվող հիմնական գործառույթներից մեկը:

Հիմք ընդունելով համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգը և ՀՀ կառավարության 2005 թ. որոշումը` 2006-2007 ուստարվանից ԵՄՀ-ն համակողմանիորեն նախաձեռնեց կրեդիտային համակարգի ներդրման աշխատանքները` ուղեցույց ունենալով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված կրեդիտների փոխանցման և կուտակման օրինակելի կարգը (մինչ այդ բուհը կրթափորձի կարգով տեղայնացրել էր համակարգի առանձին բաղադրամասեր):

Բոլոնիայի գործընթացով ենթադրվող կրթական բարեփոխումների շարունակական ընթացքը Եվրասիա միջազգային համալսարանում ապահովել է հետևյալ հիմնական արդյունքները.

  • Վերահաշվարկվել և ECTS կրեդիտներով է արտահայտվել ուսանողի ուսումնական լրիվ բեռնվածությունը (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք), վերանայվել են ուսումնական պլանները, ստեղծվել են կրեդիտային հենքով և առարկաների կամընտրականությունն ապահովող ուսումնական պլաններ, որոնց համապատասխան կառուցվածքայնորեն և մեթոդապես փոխվել են նաև առարկայական ծրագրերը (գործողության մեջ են դրվել մեթոդական բոլորովին նոր պահանջներով առարկայական ծրագրեր):
  • Փոփոխության են ենթարկվել բուհի ուսումնական, կազմակերպական և վարչարարական գործընթացները, ինչպես նաև բուհի կառավարման ողջ համակարգը:
  • Վերափոխվել է ուսանողի գիտելիքի գնահատման և դրան համարժեք խրախուսման համակարգը, ուսանողի ակադեմիական տեղեկագրի ձևը, ստեղծվել և գործածվել է նոր տիպի ստուգման գրքույկ, մշակվել են ուսումնական գործընթացի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ նոր տիպի բոլոր ձևաթղթերը(բուհն ամեն տարի հրատարակում է «Կրեդիտային համակարգում ուսուցման տեղեկագիրք»):
  • Համալսարանի կառուցվածքում ստեղծվել են նոր ստորաբաժանումներ` ակադեմիական զարգացման, որակի ապահովման,  հետազոտական, կարիերայի կենտրոններ, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթությանն ուղղված նախագծերի կառավարման կենտրոն:

Համալսարանը Բոլոնիայի գործընթացով ենթադրվող ժողովրդավարացմանը` կրթության շահառուների մասնակցության աստիճանի բարձրացմանը միտված քաղաքականության իրականացման նպատակով որակի ապահովման համակարգի հիմքում դրել է.

  • որոշումների կայացման մասնակցային մոդելը` ապահովելով շահառուների հետադարձ կապի հնարավորությունները
  • ուսանողակենտրոն մոտեցումը, որն արտահայտվում է ոչ միայն ուսանողակենտրոն դասավանդման մեթոդների կիրառմամբ, այլ նաև ընկած է հաստատության յուրաքանչյուր օղակի գործունեության հիմքում:

Եվրասիա միջազգային համալսարանում իրականացվող կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների համարժեքության ապահովման նպատակով  անընդհատ են պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի վերապատրաստման աշխատանքները (աշխատակիցների գործուղում արտասահմանյան համալսարաններ, պարբերաբար միջազգային կրթական փորձագետների ներգրավում և այլն):

2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, իսկ որոշումը հաստատվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։ Հավատարմագրումն իրականացվել է ազգային և եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան և հավավատարմագիրը վկայում է համալսա­րանի գործունեության համապատասխանությունը նշյալ չափանիշներին (European Standards and Guidlines)։

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ