Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Եվրասիա միջազգային համալսարանում տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: Բարձր տրամադրությամբ և անսահման ոգևորվածությամբ համալսարանի դռները բացեցին բուհ-ի ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Օրը հատկապես բացառիկ էր նրանց համար, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում ակադեմիական կրթության նոր աշխարհ: Տարեսկզբի մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ողջույնի իր խոսքով հանդես եկավ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը,ով նախ շնորհավորեց Եվրասիա միջազգային համալսարանի և հենակետային վարժարանի բոլոր ուսանողներին և աշակերտներին նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա առթիվ՝ ցանկանալով ուսումնառության հաջող սկիզբ և լուսավոր ճանապարհ, այնուհետև շարունակեց իր խոսքը՝ կարևորելով վճռական այս փուլը՝որպես սկիզբ գիտելիքների շտեմարանի կազմավորման ու ամրապնդման, և հավաստիացրեց, որ բուհ-ի ընտրության հարցում ուսանողները կատարել են ճիշտ ընտրություն, քանի որ այն ընձեռում է բացառիկ հնարավորություններ բոլոր այն շահագրգիռ անձանց, ովքեր ցանկություն ունեն բարձունքների հասնելու ուսումնառության ընթացքում: Այնուհետև խոսքը շարունակեց ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը, ով խոսեց ԵՄՀ ձեռքբերումների և հաջողությունների մասին, հակիրճ ներկայացրեց նոր ուստարվա անելիքները, իսկ որպես բուհ-ի և վարժարանի գործունեության վերաբերյալ նախորդ ուսումնական տարվա հաշվետվություն, ցուցադրվեց տեսանյութ: Ի. Բաբայանը խոսեց նաև միջազգային ծրագրերին մասնակցած ուսանողների հաջողությունների մասին և ներկայացրեց ինչպես արդեն իսկ մասնակցած, այնպես էլ ներկայումս սովորող և արտերկիր նոր մեկնել պատրասվող ուսանողներին, որից հետո ողջույնի իրենց խոսքերով հանդես եկան համալսարանի «Իրավագիտություն», «Կառավարում», «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտությունների գծով ամբիոնների վարիչներ՝ համապատասխանաբար, Ռ. Պետրոսյանը, Ա. Մարդոյանը, Ս. Հակոբյանը, Եվրասիա վարժարանի փոխտնօրեն Ս. Դավթյանը, ովքեր շնորհավորեցին ներկաներին նոր ուստարվա կապակցությամբ, նշեցին, որ գիտելիքը զենք է, հանուն որի պետք է պայքարել և վստահեցրեցին, որ պայքարի այդ ուղին պատրաստակամ են անցնելու միասին: Այնուհետև խոսք տրվեց նաև Միջազգային կապերի և հետազոտությունների բաժնի պատասխանատու Ն. Ջոմարդյանին, ով ներկայացրեց միջազգային բուհերի հետ համագործակցությունները և տարեցտարի օտարերկրյա ուսանողների թվի ավելացումը Եվրասիա միջազգային համալսարանում, ինչը փաստում է համալսարանի նկատմամբ հետաքրքրությունների շրջանակի մեծացումը:
Վերջում՝ որպես անակնկալ, բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին տրվեցին ուսման վարձի զեղչեր և անվանական կրթաթոշակներ:
Միջոցառման ավարտից հետո, ըստ օրակարգի, համալսարան նոր ընդունված ուսանողները ծանոթացան գրադարանին, գրանվեցին Moodle համակարգում, յուրաքանչյուր ամբիոնի կողմից կազմակերպվեցին լսարանային աշխատանքներ:
Հագեցած օրվա արդունավետությունը փաստեցին մի շարք ուսանողներ, ովքեր այդ կապակցությամբ հայտնեցին իրենց գոհունակությունը: