Հունիսի 26 2018
New Microsoft Word Document 1

Ավարտվեցին վերահավատարմագրման նպատակով փորձագիտական խմբի ուսումնասիրությունները Եվրասիա միջազգային համալսարանում

 

Ս.թ. հունիսի 20-22-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խմբի կողմից Եվրասիա միջազգային համալսարանում վերահավատարմագրման նպատակով իրականացվեց արտաքին գնահատում:

Մինչ բուհում հանդիպումները փորձագիտական խումբն ուսումնասիրեց համալսարանի կողմից ներկայացրած ինքնավերլուծությունը, իրականացրեց նախնական գնահատում և դասալսումներ: Այցի առաջին օրը փորձագիտական խումբը հանդիպումներ ունեցավ բուհի ռեկտորի, կառավարման խորհրդի անդամների, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, որակի ապահովման պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսական կազմի, շրջանավարտների և  գործատուների հետ:IMG 6599

Ըստ ժամանակացույցի՝ երկրորդ օրը կազմակերպվեցին հանդիպումներ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների՝ Ուսանողական խորհրդի, Ուսանողական գիտական ընկերության, Ուսանողների իրավունքների պաշտպանի, ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, իրականացվեց նաև ռեսուրսների դիտարկում:

Աշխատանքների երրորդ՝ վերջին օրվա ընթացքում փորձագիտական խումբը հանդիպեց Որակի ապահովման պատասխանատուների, միջազգային ուսանողների հետ, այցելեց ամբիոններ՝ տեղում իրականացնելով փաստաթղթերի ուսումնասիրություն:

Հավելենք, որ այցից հետո փորձագիտական խումբը կկազմի զեկույց ՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը, և աշխատանքների առավել բարելավման նպատակով կներկայացնի առաջարկություններ:  Բուհն իր հերթին, հիմնվելով փորձագիտական զեկույցի վրա, կներկայացնի բարելավման ծրագիր: Արդյունքում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը կկայացնի որոշում՝ հիմնվելով նշված փաստաթղթերի վրա:

Հիշեցնենք, որ փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ,  բանասիրական գիտությունների թեկնածու Քրիստինե Սողիկյանը:  Խմբի մյուս անդամներն են տնտեսագիտության դոկտոր, Վարշավայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Լեհաստանի բարձրագույն կրթության հավատարմագրման պետական կոմիտեի նախկին փոխնախագահ Մստիսլավ Սոխան, ԵՊՀ և Հայ-ռուսական համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մարիամ Մոմջյանը, Հայ-ռուսական և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների դասախոս, իրավագիտության թեկնածու Ջոն Հայրապետյանը և ՀՊՄՀ ուսանող Արմինե Խրոյանը: Հավատարմագրման գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Գայանե Անանյանը: