Այսօր լրացավ հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված մեծագույն ոճրի 104-րդ տարելիցը: Հայ ժողովրդի պատմության ամենաարյունոտ էջը՝ իր տարատեսակ ողբերգական պատմություններով, հուզում է ցանկացածին՝ անկախ ազգությունից, կրոնական դավանանքից, և, չնայած մի շարք երկրների ճանաչման, այդուհանդերձ այն շարունակում է թերևս մնալ չլուծված հիմնահարց:
Այսօր՝ ս.թ. ապրիլի 24-ին, համայն հայության ուխտատեղի դարձած հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, այցելեց Եվրասիա միջազգային համալսարանի թիմը՝ հարգանքի տուրք մատուցելու 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Այս տարի եվրասիականների կազմում էին նաև Իսպանիայի Վալենսիա համալսարանի ներկայացուցիչները և Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի ուսանողները:
Սկզբում թիմը այցելեց Ցեղասպանության թանգարան, որտեղ ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Սոնա Հակոբյանի հանգամանալից ներկայացմամբ ծանոթացավ պահպանվող արխիվային պատմություններին:
«Համայն Իրաքի անունից մեր ցավակցական ուղերձ ենք հղում բարեկամ հայ ժողովրդին. ցավակցում ենք հայությանը դաժան կոտորածի ժամանակ զոհված բոլոր անմեղ մարդկանց համար: Մաղթում ենք, որ Աստծո լույսը խաղաղություն և կայունություն տարածի հայ ժողովրդի և հատկապես աշխարհի վրա»,- թանգարանի հուշամատյանում իրենց տպավորություններով կիսվեցին ԵՄՀ-ում սովորող իրաքցի ուսանողները:
«Պատմությունը հուզիչ է, փաստերը՝ խոսուն, իսկ այսօրվա երթին մարդկանց բազմաթիվությունը ապացույցն է հայոց լուսավոր ապագայի»,- նշեցին Վալենսիա համալսարանի ներկայացուցիչները:
Այնուհետև եվրասիականները լռությամբ ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ՝ հույսով, որ հենց այս տարի խնդիրը կստանա իր հանգուցալուծումը: