Նոյեմբերի 27 2020
thumbnail image

ARMDOCT և MODEST Էրազմուս+ ծրագրերի կոնսորցիումի անդամները հանդիպեցին առցանց հարթակում

Ս.թ.նոյեմբերի 26-ին ARMDOCT և MODEST Էրազմուս+ ծրագրերի կոնսորցիումի անդամները առցանց հարթակում հանդիպեցին քննարկելու Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման համագործակցության հնարավորությունները և ծրագրի արդյունքները ազգային մակարդակով ամրապնդելու նպատակով: Հավելենք, որ երկու ծրագրերն էլ ներկայումս գտնվում են իրականացման փուլում և ուղղված են դոկտորական կրթության բարեփոխմանը՝ Զալցբուրգյան սկզբունքներին համահունչ:

Սեմինարի ընթացքում զեկույցով հանդես եկավ MODEST ծրագրի համակարգող, Լատվիայի համալսարանի ներկայացուցիչ Ինգա Սկենդերեն: Վերջինս ներկայացրեց ծրագրի էությունը, գործընկեր համալսարաններին և նրանց հիմնական գործառույթները, անդրադարձավ ՀՀ-ում, Բելառուսիայում և Ռուսաստանում ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության վերջնարդյունքների վերաբերյալ վերլուծական զեկույցին, դրա հիման վրա վերհանված դոկտորական կրթությանն առնչվող ներկայիս մարտահրավերներին, որոնք կարող են օգտագործվել ARMDOCT ծրագրի հետազոտողների կողմից իրականացվող քաղաքականության մշակման համար:

Հանդիպման երկրորդ հատվածում ARMDOCT ծրագրի համակարգող, Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը ներկայացրեց դոկտորական կրթության ընդհանուր նպատակները և նախատեսվող քաղաքականությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, ինչպես նաև ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները: Ա. Օհանյանն ընդգծեց, որ երկու ծրագրերն էլ ունեն փոխլրացնող նպատակներ, և կարևորեց համագործակցությունը` ազգային մակարդակում ավելի մեծ ազդեցություն ունենալու համար, խոսեց նաև հետազոտությունների ռազմավարության, ծրագրի համագործակից համալսարանի գործունեության, ծրագրի շրջանակներում վերապատրաստումների, գործընթացի զարգացման և առաջիկա անելիքների մասին:

Օրակարգով սահմանված կարգով հարթակում հաջորդիվ կազմակերպվեց քննարկում. համագործակցությունների առաջարկներով հանդես եկավ ծրագրի որակի ապահովման աշխատանքային խմբի ղեկավար Մարեկ Ֆրանկովիչը (Յագելոնյան համալսարան (Լեհաստան)), այլ մասնակիցներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել համագործակցության ճանապարհային քարտեզ, կազմակերպել համատեղ սեմինարներ, վեբինարներ, դիտարկել MODEST նախագծում ներգրավված ԵՄ երկրների փորձը ARMDOCT-ի շրջանակներում քաղաքականության մշակման համար, հիմնել ընդհանուր գրադարան, ինչպես նաև երկու նախագծերի օրացույց և այլն: Ա. Օհանյանը առաջարկեց MODEST ծրագրի անդամներին միանալ ARMDOCT-ի քաղաքականության մշակման աշխատանքներին և կիսվել ծրագրի շրջանակներում կուտակված իրենց փորձով:

Հանդիպումը ամփոփեցին MODEST ծրագրի համակարգող Ինգա Սկենդերեն և Հայաստանում Erasmus+ գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան, որոնք կարևորվեցին հետագա համագործակցությանն ուղղված առաջարկությունները: