2018թ. ապրիլի 26-ը Եվրասիա միջազգային համալսարանում «Ինչպես փոխանցել գաղափարներ և ճիշտ հաղորդակցվել» թեմայով վերապատրաստման դասընթացների երկրորդ օրն էր, որը վարեց Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի պրոֆեսոր, հաղորդակցական գիտությունների թեկնածու Խոսե Ա. Նեիրա Քրուզը: Հանդիպման սկզբում սեմինարավարը մասնակիցներին ներկայացրեց արդյունավետ հաղորդակցման ուղեցույցը՝ մասնավորապես շեշտադրելով վերջինիս կարևորությունը բանակցությունների գործընթացում: Բանախոսը անդրադարձավ նաև կազմակերպությունում հաղորդակցության առանձնահատկություններին, աշխատակիցների գործառույթներին, այդ փոխհարաբերություններում արդյունավետ հաղորդակցման հմտություններին: Դասընթացավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց հաղորդակցման էթիկայի վրա՝ որպես փոխազդեցության գործընթացի առանձնահատուկ տարր:
Հանդիպման երկրորդ մասում թիմերը ներկայացրին իրենց կողմից մշակված հաղորդակցման մոդելները մամուլի ասուլիսի, քարզչության և պաշտոնական հաղորդակցության միջոցներով: Ներկայացված իրավիճակների հիմնական նպատակն էր՝ ցույց տալ հաղորդակցման առանձնահատկությունները: Յուրաքանչյուր ներկայացում քննարկվեց և մեկնաբանվեց մյուս թիմերի կողմից, որոնք փորձեցին գնահատել, թե որքանով տվյալ բանախոսը (գաղափար առաջադրողը) կարողացավ իր խոսքը հասանելի դարձնել լսարանին (գաղափար ստացողին): Այնուհետև նշված իրավիճակները վերլուծվեցին փորձագետի կողմից՝ ցույց տալով բանավոր խոսքը ճիշտ հասցեագրելու մեխանիզմները:
Հիշեցնենք, որ երկօրյա հանդիպումները կազմակերպվեցին Եվրասիա միջազգային համալսարանի և Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) համագործակցության շրջանակներում՝ Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի համատեքստում:
Հավելենք, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցում էին տարբեր բուհերի դասախոսներ և ուսանողներ: