Այսօր՝ ս․թ․ հուլիսի 31-ին, Եվրասիա միջազգային համալսարանում «Վարդերը հիշեցնում են ինձ Հալեպի մասին» թեմայով իր հետազոտության արդյունքները ներկայացրեց ԱՄՆ Կենտուկիի համալսարանի Մարդաբանության բաժնի գիտությունների թեկնածու Անահիտ Մաթոսյանը։ Հանդիպումը կազմակերպվեց Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտական ինստիտուտի կողմից։ Բանախոսը իր հետազոտությունը իրականացնել էր ոչ միայն Երևանում, այլև Բեռլինում և Ստամբուլում, քանզի սիրիահայերից շատերը հակամարտության ընթացքում արտագաղթել էին երրորդ երկրներ։ Լինելով արմատներով ցեղասպանության հետևանքով տարհանվածների և Հալեպում վերաբնակեցվածների սերունդ՝ բանախոսը իր զեկույցում հանգամանալից անդրադարձավ ապաստան հայցող սիրիացի կանանց, մասնավորապես՝ սիրիացի հայ կանանց, թե ինչպես են վերջիններս պայքարել հայրենիքում հաստատվելու համար՝ միևնույն ժամանակ պահպանելով կապը իրենց ծննդավայր հանդիսացող երկրի սիրիական համայնքի հետ և ինտեգրվելով ընդունող երկրում, որը դիտվում է որպես էթնիկ հայրենիք: Հետազոտողը անդրադարձավ Սիրիայի էթնիկ հայերի՝ Հայաստանում ապաստան գտնելու և իրավական կարգավիճակ ստանալու, մշակութային և քաղաքական պատկանելության հարցերին, առանձին դեպքերի օրինակներով խոսեց նաև կանանց հոգեբանական և սոցիալական հարմարվողականության խնդիրների, ռազմավարությունների մասին։ Նա ներկայացրեց նաև երեք տարբեր երկրների քաղաքներում բնակվող սիրիահայ կանանց նմանությունները՝ մասնավորապես ընդգծելով, որ կանայք ակտիվ գործունեություն են ծավալում սեփական սննդի բիզնես ոլորտներում՝ ներկայացնելով սիրիական խոհանոցը զբոսաշրջիկների շրջանում։
Բանախոսը լսարանի հետ կիսվեց նաև հետազոտության ընթացքում հանդիպած խոչընդոտերի մասին և ներկայացրեց առաջարկություններ։
Ուշագրավ և արդիական հարցադրումներ ներառող զեկույցի ավարտին Անահիտ Մաթոսյանին ուղղվեցին մի շարք հարցեր, կազմակերպվեց քննարկում։
Նշենք, որ հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն էր՝ հայերեն հետընթաց թարգմանությամբ։