Նոյեմբերի 25 2024
20241121 113935 1

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը:

Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական միության Էրազմուս + ծրագրի կողմից համաֆինանսավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (“Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագծի աշխատաժողովը։ Այն նվիրված էր T-GREEN նախագծում ներգրավված հայաստանյան մի շարք առաջատար բուհերի կողմից մշակվող «կանաչ» համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական տարբեր խնդիրների քննարկմանը։

Աշխատաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Միկոլաս Ռոմերիս համալսարանի պրոռեկտորի խորհրդական Նոմեդա Գուդելիենեն, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանը և T-GREEN նախագծի համահամակարգող Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։ Ելույթ ունեցողները շեշտադրեցին նախագծի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները և կարևորեցին համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում ներգրավված ԵՄ գործընկերների փորձառության դիտարկումները։

T-GREEN նախագծի շրջանակում մասնակից հայաստանյան բուհերը նախատեսում են կյանքի կոչել «Կանաչ տնտեսություն և կառավարում», «Բլոկչեյն և թվային արժույթներ» և «Կայուն քաղաքներ» նոր համատեղ կամ կրկնակի մոգիստրոսական կրթական ծրագրեր։ Հայաստանյան բուհերի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կողմից մշակված կրթական ծրագրերի նախնական փաթեթները։ Աշխատաժողովի ընթացքում ԵՄ գործընկերները ներկայացրեցին մագիստրոսի կրկնակի դիպլոմի «կանաչ» ծրագրերի մշակման իրենց փորձը՝ կենտրոնանալով համեմատական վերլուծության, արդյունքահեն կրթության սկզբունքների ներդաշնակեցման, ծրագրերի կայունության ապահովման, նորարարական մոդուլների մշակման և գնահատման մեթոդների կատարելագործման վրա՝ ծրագրերի համատեղելիությունն ու ուսումնական արդյունքները բարելավելու նպատակով։

Աշխատաժողովի փակմանը Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ամփոփ ներկայացրեց քննարկումների արդյունքները և շնորհակալություն հայտնեց Վիլնիուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանի գործընկերներին արդյունավետ աշխատանքային հանդիպում կազմկերպելու և հյուրընկալության համար։ Մասնակիցները կարևորեցին մասնակից բուհերի հետագա համատեղ աշխատանքը լիազոր մարմնի կողմից հաստատվող ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսի մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկում համապատասխան լրացումներ կատարելու ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացնելու անհրաժեշտությունը։

T-GREEN  եռամյա նախագիծը մեկնարկել է 2023 թվականին։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։

Հիշեցնենք, որ T-Green նախագծի հայաստանյան մասնակիցներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (համակարգող), Եվրասիա միջազգային համալսարանը (համահամակագրող), ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն,  Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» ՀԿ-ները։

ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային Հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։