Սեպտեմբերի 30 2024
img 8791

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) նախագծի հերթական կարողությունների զարգացման աշխատաժողովը տեղի ունեցավ նախագծի գործընկեր Գերմանիայի Օլդենբուրգի համալսարանում։

Եվրասիա միջազգային համալսարանը, որպես նախագծի գործընկեր բուհ աշխատաժողովին ներկայացնում էին ԵՄՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, որակի կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը, ուսանողական գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը և Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը, նույն ամբիոնի դասախոս Սևակ Թորգոմյանը և աշխատակից Մերի Թումանյանը։

Աշխատաժողովի նպատակն էր KPI4HE նախագծի հայաստանյան գործընկերներին ծանոթացնել ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների՝ Օլդենբուրգի (Գերմանիա), Դրեզդենի (Գերմանիա) և Ջենովայի (Իտալիա) համալսարաններում բուհերի ինստիտուցիոնալ ռազմավարական պլանավորման համար սահմանված գործունեության առանցքային ցուցանիշների արդյունավետության բարձրացմանը նպաստող հետազոտությունների, միջազգայնացման, նորարարական աշխատանքների և ստարտափների խթանման փորձառությանը։

Ընդհանուր առմամբ, աշխատաժողովին մասնակցեցին Հայաստանից, Իտալիայից և Գերմանիայից շուրջ 60 հետազոտողներ, դասախոսներ և բուհերի ինստիտուցիոնալ ղեկավարներ։ Համալսարանների ներկայացուցիչները մասնակցեցին աշխատանքային հանդիպումների՝ քննարկելով բարձրագույն կրթության կառավարման, որակի ապահովման և միջազգայնացման հարցեր: Ուսումնասիրվեց եվրոպական փորձը, և նախանշվեցին հետագա քայլեր՝ ՀՀ-ում բարձրագույն կրթության համակարգի զարգացման նպատակով:

Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր Ռ․Մարկոսյանը նշեց, որ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կատարողականի կամ գործունեության արդյունքային ցուցանիշների համակարգի ներդրումը խիստ արդիական խնդիր է և ներկայումս լայն քննարկվող ոլորտը կանոնակարգող օրենքի նոր նախագծում այն նույնպես շոշափվում է, որպես բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման և  ֆինանսավորման գործընթացների կարևոր բաղադրիչ։ Միջազգային արդի փորձի դիտարկումը և ազգային այս կարևոր KPI4HE նախագծի շրջանակում փորձարկվող մոտեցումները կարող են նպաստել համակարգային բարեփոխումների արդյունավետ իրագործմանը։

Հիշեցնենք, որ KPI4HE նախագիծը մեկնարկել է այս տարի։ Նախագծի  նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք կնպաստեն որակյալ ու ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման և պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաև հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով: