ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով 2024 թվականի փետրվարի 2-ին կայացրեց վճիռ, բավարարելով քաղաքացի Ա․Օ-ի հայցն ընդդեմ Ն․Ղ-ի, համաձայն որի Ն․Ղ-ից հօգուտ Ա․Օ-ի պետք է բռնագանձվի 286․888 ՀՀ դրամ, ինչպես նաև օրենքով սահմանված տոկոսներ` մինչև պարտավորությունների ամբողջական կատարումը:
Հատկանշական է, որ Ա․Օ-ն դիմել էր Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկա, իր խախտված իրավունքների վերականգնման նպատակով։
Իրավագիտության ամբիոնի դասախոս, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ի․գ․թ․ Զոհրակ Ապրեսյանի գլխավորությամբ և իրավագիտության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ՝ Սյուզաննա Գրիգորյանի և Գրետա Արսենյանի համատեղ ջանքերով մանրակրկիտ ուսումնասիրվեց գործի փաստական հանգամանքներն ու իրավական հիմքերը, պատրաստվեց հայցադիմում և ներկայացվեց դատարան։
Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկան ոչ միայն նպաստում է ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը, այլև հանդիսանում է հույսի փարոս նրանց համար, ովքեր բախվում են իրավական խնդիրների՝ առաջարկելով մասնագիտական օգնություն, ուղղորդում՝ կողմնորոշվելու իրավական տարրաբնույթ հարցերի:
Գործի հաջող ելքը ևս մեկ անգամ փաստում է արդարադատություն փնտրող անհատներին կենսական օգնություն ցուցաբերելու գործում Իրավաբանական կլինիկայի կարևորությունը, նվիրվածությունը և անսասան հանձնառությունը՝ իր հաճախորդների իրավունքները և շահերը պաշտպանելու, ինչպես նաև հասարակության մեջ արդարության ու հաշվետվողականության սկզբունքների խթանման գործում: