Մարտի 05 2024
01

Եվորպայի առաջատար բուհերի 30-ից ավելի ուսանողները Հայաստանում են. Մեկնարկել է «Ժան Մոնե» ձմեռային դպրոցը

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց «Ժան Մոնե ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» ձմեռային դպրոցը: Երկաշբաթյա կրթական ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել Օքսֆորդի, Լայպցիգի, Բեռլինի Հումբոլդտի, Դրեզդենի և այլ բարձր վարկանիշ ունեցող համալսարաննների 30-ից ավելի ուսանողներ: Այս անգամ ձմեռային դպրոցը կրում է «ԵՄ արտաքին հարաբերությունները աշխարհաքաղաքական տուրբուլենտության ժամանակներում. Հարավային Կովկասի գործը» խորագիրը: Ծրագրի ընթացքում ուսանողների համար կազմակերպվելու են ոչ միան քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և իրավագիտության տարբեր հարցերի շուրջ տեսական դասախոսություններ, այլև նախատեսված են գործնական այցելություններ ՀՀ Ազգային ժողով, Սահմանադրական դատարան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչպես նաև այցելություններ  մշակութային վայրեր:

ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը պաշտոնական բացման արարողության ընթացքում ոջունելով ներկաներին՝ կարևորեց ուսանողների մասնագիտական ընտրությունն ու Հայաստան այցելելու պատրաստակամությունը. «Մենք ուրախ ենք, որ դուք ցանկություն եք հայտնել երկու շաբաթ շարունակ բացահայտել Հայաստանի մշակույթն ու ժառանգությունը, գիտական ներուժն ու հարստացնել քաղաքագիտության, իրավագիտության ոլորտում ձեր գիտելիքները: Համոզված եմ, որ մասնագիտական այն թիմը, դասախոսական կազմը, որը ներգրավված է ծրագրում, լավագույնս է կազմակերպելու այս ուսումնառատ օրերը: Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ»:

01 02

DAAD դեսպան, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր,  պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյանը ողջունելով ուսանողներին` նշեց. «Շնորհակալություն այս լավ նախաձեռնության համար։ Ինձ համար մեծ պատիվ է լինել DAAD-ի դեսպանը և այստեղ տեսնել գերմանացի մասնակիցներին։ Ես շատ ուրախ եմ ողջունելու ձեզ այս հյուրընկալ Եվրասիա միջազգային համալսարանում: Համոզված եմ, որ այս Ձմեռային դպրոցի ավարտին դուք բոլորդ լինելու եք հայ-գերմանական բարեկամության ջատագովներ»։

Բացման հանդիսավոր արարողությանը ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և իր ելույթում կարևորեց նմանատիպ միջոցառումների նշանակությունը ուսանողներին մասնագիտական կարևոր գիտելիք և հմտություններ փոխանցելու հարցում:

ԵՄՀ միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավար Պարսա Մաքջեյքոբն էլ ողջույնի խոսքում կարևորեց այս նախաձեռնությունը՝ որպես միջազգայնացման լայն համագործակցության աշխարհագրություն ունեցող բուհ:

Ամառային դպրոցի ակադեմիական համակարգող, Ժան Մոնե ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Խվորոստիանկինան ներկայացրեց նաև նախատեսվող ակադեմիական և սոցիալ-մշակութային երկշաբաթյա օրակարգը:

Նշենք, որ դպրոցը կայացել է Եվորպական միության (Jean Monnet Module in Security and Fundamental Rights) և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) օժանդակությամբ:#