Փետրվարի 24-ին և 25-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը։ Եվրասիա միջազգային համալսարանի թիմն այս պայքարում երկրորդն էր: Իրավագիտության կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի ուսանողներ Հասմիկն ու Անին պատվով հաղթահարել էին մրցույթի փուլերն ու հասել եզրափակիչ:
Նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շնորհիվ։
Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, որոնք և հաղթող թիմին են հանձնել մրցույթի գավաթը։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մրցույթի մասնակից բոլոր ուսանողներին՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթն ասաց. «Դուք բոլորդ արդեն հաջողել եք՝ լինելով այստեղ։ Բոլորս ընտրել ենք այս մասնագիտությունը հանրության և բարի գործի համար: Ես հատկապես ուրախ եմ տեսնել, որ եզրափակչի բոլոր մասնակիցները կանայք են։ Շնորհավորում եմ բոլորիդ: Հաջողություն եմ մաղթում հատկապես հաղթողներին, որոնք առաջիկայում կմասնակցեն միջազգային եզրափակիչ փուլին՝ Լեհաստանում»։
Բրաուն Մոսթեն մրցույթի նպատակն է՝ ներգրավել իրավաբանական կրթություն ստացող ուսանողներին փորձարարական ուսուցման մեջ և զարգացնել հարցազրույց վարելու նրանց հմտությունները՝ օգնելով ձևավորել իրավաբան-վստահորդ արդյունավետ հարաբերություններ: Մրցույթը ուսանողներին զինում է գործնական հմտություններով՝ նախապատրաստելու նրանց մուտքն աշխատաշուկա։
«Հրաշալի և թիրախային ընտրություն է եղել իրավաբանական խորհրդատվության հենց այս մրցույթը ներմուծել Հայաստան: Հայկական կրթական մշակույթը համալրվեց պրակտիկ հմտություններ զարգացնող միջազգային ևս մեկ մրցույթով: Մասնակիցների համար սա շատ պարտավորեցնող է, քանի որ իրենք այս մրցույթի ծիծեռնակներն էին, և, դատելով ժյուրիի անդամների արձագանքից, թե ինչ բարդ ընտրության առաջ էին կանգնել, իմ համոզմամբ, ուսանողները հաջողել են: Իրենց տեսական գիտելիքի համար սա լուրջ փորձություն էր պրակտիկայում դրսևորելու համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»,-իր ելույթում նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։
Ուսանողներին գնահատել է իրավաբաններից և հոգեբաններից բաղկացած հանձնաժողովը՝ հաշվի առնելով վստահորդի դեր կատարող անձի հետ արդյունավետ աշխատելու նրանց կարողությունները:
«ԱՄՆ ՄԶԳ Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կարևոր ուղղություններից է իրավաբանական կրթություն ստացող ուսանողների համար ստեղծել հնարավորություններ պատրաստ մուտք գործել ՀՀ արդարադատության ոլորտի աշխատաշուկա: Այս մրցույթը քննադատական մտածողությունը բարելավելու և գործնական հմտություններն ամրապնդելու արդյունավետ հնարավորություն է: Որպես եզրափակիչ փուլի դատավոր՝ ես շատ տպավորված էի մրցակիցների պրոֆեսիոնալիզմով և նման ճնշման պայմաններում արդյունավետ աշխատելու կարողությամբ»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավարի պաշտոնակատար տիկին Քլեր Բեմբրիքը:
Հաղթող թիմի անդամները ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլին։