Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն 2024 թվականի փետրվարի 15-ին պաշտոնապես կնքել են պայմանագիր՝ «Արդարադատության մատչելիություն. տեսություն և պրակտիկա» մագիստրոսական ծրագիր և մոդուլներ (MAJust) ենթադրամաշնորհային նախագծի իրականացման նպատակով՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի փոքր դրամաշնորհների շրջանակներում:
MAJust-ը հիմնվում է JUREMONIA ծրագրի ընդհանուր նպատակների վրա և և միտված է բարձրացնելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ազդեցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների վրա, ինչպես նաև նպաստել համակարգային փոփոխությունների իրականացմանը: Այս նպատակի իրականացման համար MAJust-ի շրջանակում պատրաստվելու են միջգիտակարգային մասնագետներ՝ զինված արդիական գիտելիքներով ու հմտություններով, որոնք անհրաժեշտ են արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետ մշակման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման համար՝ միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին համապատասխան։ Ակնկալվում է, որ ծրագիրը կդյուրացնի եռախոսությունը կրթագիտական հաստատությունների, պրակտիկայի և հասարակության միջև ու կբարձրացնի գիտական հաստատությունների դերը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման մեջ։
«Արդարադատության հասանելիություն․ տեսություն և պրակտիկա» նորաստեղծ և նորարար մագիստրոսական ծրագիրն ու մոդուլները կմշակվեն վերոնշյալ նախագծի շրջանակներում, որը կապահովի միջգիտակարգային մոտեցում և կներգրավի միջազգայնորեն ճանաչված հետազոտողներին՝ տեղի մասնագետների կարողությունները զարգացնելու համար։ Նոր մագիստրոսական ծրագրի մոդուլները կառաջարկվեն ոլորտում ներգրավված անձանց և այլ համալսարանների ուսանողներին որպես ցկյանս ուսուցման հնարավորություն՝ տրամադրելով համապատասխան վկայական (սերտիֆիկատ)։ Ծրագիրը կաջակցի նաև արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ համապատասխան աշխատանքներւոմ ներգրավված անձանց հետ սիներգիկ փոխգործակցության խթանման, ուսանողների գործնական հմտությունների զարգացման, արդարադատության համակարգի բարեփոխումների գործընթացում ներգրավված տարբեր մասնակիցներին մեթոդաբանական և հետազոտական աջակցության տրամադրման, ինչպես նաև հանրային բանավեճի խթանման ու խրախուսման, համապատասխան գործընթացների վերաբերյալ երիտասարդների, լրագրողների, սոցիալական աշխատողների և այլոց իրազեկության մակարդակի բարձրացման միջոցով։
Պայմանագիրը ստորագրել են Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը, որը ստորագրման արարողության ժամանակ շնորհավորեց գործընկերներին հաջող հայտ ներկայացնելու կապակցությամբ և կարևորեց ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև համագործակցության կարևորությունը Հայաստանում արդարադատության բարեփոխումներն առաջ մղելու գործում: ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ և MAJust նախագծի ակադեմիական համակարգող Աննա Խովորոստյանկինան, շեշտեց, որ MAJust նախագիծը ուղղակիորեն նպաստում է ՄԱԿ-ի կայուն զարգացման 16-րդ «Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ» նպատակի իրագործմանը՝ դասավանդման և հետազոտական աշխատանքներում կայուն զարգացման նպատակների իրագործմանը աջակցելու ԵՄՀ հանձնառությանը համապատասխան։
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA, www.juremonia.am) ծրագիրը իրականացվում է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:
Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության իմաստալից դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում՝ դրանով իսկ ապահովել ՀՀ-ում հաշվետու, թափանցիկ և մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին համապատասխանող արդարադատության համակարգ ունենալուն:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Եվրասիա միջազգային համալսարանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
Կոնտակտային անձ` ի․գ․թ․ Աննա Խվորոստյանկինա, ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, նախագծի ակադեմիական համակարգող (anna.khvorostiankina@eiu.am):