Կրթության միջազգայնացում
Եվրասիա միջազգային համալսարանը հետազոտական ոլորտում ունենալով իր հստակ հետաքրքրություններն ու հավակնությունները՝ Հետազոտական կենտրոնի, ՄՌԿ և Հանրային կապերի բաժինների հետ համատեղ կազմակերպել էր պրոֆեսորադասախոսական կազմի՝ ուսումնառության և հետազոտական հմտությունների ու կարողությունների զարգացմանն ուղղված արտագնա մեկօրյա վերապատրաստում:
Վերապատրաստմանը «Միջազգային գիտաչափական և վարկանշային Academia.edu, ORCiD, Google Scholor, Research Gate հարթակներում գրանցվելու, անհրաժեշտ տվյալները լրացնելու և վարկանիշային աղյուսակին հետևելու հմտությունների զարգացում» թեմայով հանդես եկավ իրաբանական գիտությունների թեկնածու, Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, «Ժան Մոնե» ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան, ով մանրամասն ներկայացրեց գիտական հետազոտությունների արագ տարածման նպատակներով՝ գործիքների բազմազանությամբ հանդես եկող միջազգային գիտաչափական և վարկանշային հարթակները, այդ թվում և հետազոտողի առցանց նույնականացման, հետազոտությունների արդյունքների և այլ մասնագիտական տեղեկատվության տարածման նպատակով բաց մուտքի գաղափարը:
Աննա Խվորոստիանկինան անդրադարձավ նաև յուրաքանչյուր հարթակի առավելություններին ու գործիքակազմի հնարավորություններին, ազդեցության դասակարգմանը, հեղինակային իրավունքի հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով կիրառվող միջոցներին: Բանախոսը անդրադարձավ նաև վերը նշված հարթակների լրացուցիչ հնարավորություններին, որոնք հասանելի են միայն որպես վճարովի բաժանորդագրության դեպքում:
Ինչպե՞ս տպագրվել միջազգային շտեմարաններում
Վերապատրաստման երկրորդ հատվածում 6 տասնյակից ավել մասնակից դասախոսները հնարավորություն ունեցան «Առաջատար գիտատեղեկատվական շտեմարաններ և դրանցում ընդգրկված ամսագրերում հոդվածի հրատարակում» թեմայով ունկընդրելու փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, Բանբեր Երևանի համալսարանի պատասխանատու խմբագիր Աշոտ Գևորգյանին:
Բանախոսը ներկաներին մանրամասն ներկայացրեց, թե ի՞նչ պետք է հասկանալ տվյալների գիտաչափական շտեմարան ասելով և որ դրանք մատենագրական և ռեֆերատիվ այն շտեմարաններն են, որոնք գործիք են ծառայում գիտական հրատարակումերին հետևելու համար։ Գիտաչափական շտեմարանը ներկայանում է որպես որոնողական յուրահատուկ համակարգ, որը ձևավորում է առանձին գիտնականների ու հետազոտական հիմնարկների ակտիվության ու ազդեցության տարատեսակ ինդեքսների վիճակն ու դինամիկան բնութագրող վիճակագրությունը, անդրադարձ կատարելով՝ Web of Science հարթակի և Elsevier հրատարակչության ռեֆերատիվ տվյալների շտեմարանների առավելություններին և հնարավորություններին:
Բանախոսը իր վերապատրաստման երկրորդ հատվածում անդրադարձ կատարեց ժամանակակից գիտաչափական շտեմարաններում գրանցված ամսագրերի կողմից գիտական աշխատանքներին ներկայացվող պահանջներին: Աշոտ Գևորգյանը մանրամասն ներկայացրեց առաջատար գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում ներկայացվող հոդվածի կառուցվածքը, խոսեց նախախմբագրական մերժումից խուսափելու հնարավորության, մերժման պատճառների, տեսական և մեթոդական բնույթի թերացումների ու բացթողումների մասին:
Խաղարկային կրթություն
Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման օրակարգային հաջորդ թեման էր՝ «Կրթության խաղարկայնացում, ոչ ֆորմալ կրթական գործիքներ»-ը, որը վարեց «ԿԱԶԱ» շվեցարական մարդասիրական հիմնադրամի «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի պատասխանատու Վահրամ Պետրոսյանը:
Բանախոսը վերապատրաստումն սկսեց խաղարկայնացմամբ, այնուհետև մանրամասն ներկայացրեց խաղարկայնացման միջոցով ուսումնառության կազմակերպման առավելությունները, ցուցադրելով որոշ խաղեր, որոնք մշակվել են «ԿԱԶԱ» հիմնադրամի տարբեր կրթական նախագծերի շրջանակներում:
Ներկայացման ընթացքում պարոն Պետրոսյանը նշեց, որ խաղերի միջոցով ուսումնառությունն կարող է օգնել գիտելիքների յուրացման գործընթացին, այն դարձնելով հետաքրքիր և զվարճալի: Հավելեց, որ խաղերը, որոնք հիմնականում հիմնված են առաջադրանքների վրա, որոնք կարող են ուսուցման ողջ գործընթացը դարձնել հետաքրքիր, սովորողներին մոտիվացնել և դրանով իսկ դրական ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Բանախոսի կողմից ներկայացվեց մի շարք ոչ ֆորմալ կրթական գործիքներ, յուրքանչյուրի կիրառման նպատակայնությունն ու առավելությունները:
Ներկաների հարցերը հիմնականում վերաբերում էին միջմշակութային և առարկայական առանձնահատկություններով պայմանավորված լսարաններում խաղերի կիրառման տարբերություններին և հնարավորություններին:
Արհեստական բանականության հնարավորությունների մարտահրավերները
Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումը լիարժեք չէր կարող լիներ, եթե օրակարգում ընդգրկված չլիներ «Արհեստական բանականության հնարավորություններն ու սպառնալիքները բարձրագույն կրթության ոլորտում» առանցքային թեման ներկայացրեց Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Պարոն Խաչատրյանը անդրադառնալով արհեստական բանականության վերաբերյալ մարդկությանը հուզող հարցերին՝ ներկայացրեց դրա զարգացման վերաբերյալ հնարավոր մոտալուտ սցենարները, որոնցից էր արհեստական բանականության զարգացման վրա արգելանքի կիրառումը, Մարդու և արհեստական բանականության համակեցությունը, ինչպես նաև տրանսհումանիզմը։
Բանախոսը նշեց նաև, որ տեխնոէվոլյուցիոն դարաշրջանում բարձրագույն ուսումնական հաստատություններն արդեն գիտակցում են արհեստական բանականության ներուժի օգտագործմամբ դասավանդման մեթոդաբանության պարադիգմային փոփոխության անհրաժեշտությունը և արձանագրում են, որ քայլեր է պետք ձեռնարկել ուսումնական ծրագրերի բարեփոխման ուղղությամբ, որպեսզի ուսանողները տիրապետեն արհեստական բանականության տեխնոլոգիաներին, պատրաստ լինեն աշխատաշուկայի դինամիկ կարիքներին։
Բացի այդ, դասախոսները պետք է ստեղծեն միջավայր, որը կխրախուսի ուսանողներին ուսումնասիրելու արհեստական բանականության հետ կապված նախագծեր՝ խթանելով ստեղծագործական մտածողությունն ու նորարարությունը։