Օրերս «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները «Արդարադատության համակարգը ՀՀ-ում» առարկայի շրջանակներում ամփոփում էին «Փաստաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» թեման։ Թեմայի շրջանակներում ուսանողներն արդեն ծանոթացել էին փաստաբանության էությանն ու խնդիրներին, անդրադարձ կատարել և վերլուծել փաստաբանական գործունեության կազմակերպման ու գործունեության սկզբունքները, ծանոթացել պալատի մարմիններին, փաստաբանական գործունեության հասկացությանը, գործունեության ուղղություններին և արտոնագրմանը, իրավունքներին, պարտականություններին և անկախության երաշխիքներին։
Ուսումնասիրվող թեմայի ամփոփմանը ուսանողները հյուրընկալեցին ՄՀ իրավագիտության ամբիոնի շրջանավարտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի իրավաբան Անգին Սողոյանին, ով ոչ միայն անդրադարձ կատարեց փաստաբանության ինստիտուտի կարևորությանը որպես արդարադատության իրականացմանը նպաստող ինստիտուտի, այլև պատասխանեց ուսանողների կողմից հնչեցրած հետաքրքրաշարժ հարցերին։
Հանդիպման երկրորդ փուլում ուսանողները բաժանվեցին թիմերի և վիճակահանությամբ իրենց բաժին ընկած խնդիրները լուծեցին՝ հիմնվելով փաստական և իրավական հանգամանքներին, ամփոփելով ստացած գիտելիքները, լսեցին փաստաբանի մեկնաբանությունները։
Վերջում ԵՄՀ շրջանավարտ, փաստաբան Սողոյանը հորդորեց ուսանողներին չդադարել գիտելիքներով զինվել, լինել բարեկիրթ իրավաբան, անընդհատ կատարելագործվել մասնագիտության մեջ։
Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնը դասախոսությունների շրջանակներում ուսանողների մոտ տեսական գիտելիքները գործնականի հետ շաղկապելու, ուսանողներին մոտիվացնելու նպատակով հաճախակի կազմակերպում է հանդիպում-քննարկումներ ոլորտի համապատասխան առաջատար մասնագետների հետ: