Երեկ «Եվրասիա» միջազգային համալսարանի եւ «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր համալսարանի, նրա աշխատակիցների, ուսանողների իրավունքների պաշտպանության եւ ուսուցման արդյունավետության բարձրացման ոլորտում համագործակցության մասին։
Համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը կարեւորել է իրավաբանական փորձառու ընկերության հետ համագործակցությունը ոչ միայն իրենց ընթացիկ խնդիրների, հարցերի լուծման, այլեւ համատեղ ուսումնահետազոտական, կրթական, գիտական միջոցառումներ կազմակերպելու, ուսանողների պրակտիկան կազմակերպելու, պետական քննական հանձնախմբում ներգրավվելու առումով։
«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության նախագահ Գագիկ Խաչիկյանն էլ նշել է, որ ընկերության պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է իր մասնագիտական եւ մարդկային ներուժը օգտագործել համալսարանի անլուծելի թվացող խնդիրներով լավագույն այլընտրանքներ որոնելու եւ հաղթանակներ բերելու համար։ «Վստահ եմ՝ դինամիկ զարգացող, կրթության որակը և նորարարությունը արժևորող միջազգային համալսարանի հետ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ եւ հետաքրքիր»,-ասել է ընկերության նախագահը։