Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ս/թ նոյեմբերի 17-ին իրականացրեց «Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի առաջին և ամենախոշոր հանդիպումը Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ հյուրընկալող համալսարանից, ԵՄ պատվիրակությունից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, ՄԿՈւ հաստատություններից, հետազոտական ընկերություններից, հասարակական կազմակերպություններից, բիզնես ոլորտից և այլ շահառու կազմակերպություններից:
Միջոցառման նպատակն էր այս հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել Էրազմուս+ ծրագրի՝ ՀՀ համար հասանելի գործողությունները, այդ գործողությունների շրջանակներում հաջողած նախագծերը, ինչպես նաև ներկայացնել Էրազմուս+ ծրագրի 2021-2027թթ․ առաջնահերթությունները։
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի բացման խոսքով, որի հետո ներկաներին ողջունեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմաննը։
Այնուհետև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան մասնակիցներին ներկայացրեց «Էրազմուս+» 2023 Առաջարկների մրցույթի ընտրության արդյունքները, ըստ որի՝ Էրազմուս+ ֆինանսավորում են ստացել հայաստանյան բուհերի մասնակցությամբ 8 նախագիծ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում», 4 նախագիծ «Կարողությունների զարգացում ՄԿՈՒ ոլորտում» և 1 նախագիծ «Վիրտուալ փոխանակումներ ԲԿ և երիտասարդության համար» գործողություններով։
Վերը նշված նախագծերից մեկը՝ «Transforming Teacher Education for Green and Digital Transition in Armenia and Moldova» (T4GREEN), ներկայացրեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Այս նախագիծը մշակված է «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում (CBHE)» գործողության շրջանակներում և համակարգվում է հենց Հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից։
Այնուհետև Երևանի պետական համալսարանի «GC Caucasus» մագիստրոսական ծրագրի համակարգող Քրիստինե Գևորգյանը կիսվեց իր փորձով և ներկայացրեց «Էրազմուս Մունդուս նախագծեր» գործողության շրջանակներում իրականացվող «Developing Joint Master’s Degree Programme in European Studies: Law, Governance and Communication» (DEGES) նախագծի մանրամասները։ Այս նախագիծը «Էրազմուս Մունդուս նախագծեր» գործողության շրջանակներում իրականացվող առաջին և դեռևս միակ նախագիծն է Հայաստանում։
DEGES նախագծին հաջորդեց Էրազմուս+ մեկ այլ՝ Ժան Մոնե գործողությունների շրջանակներում ֆինանսավորված «EU Legal Studies and Legal Europeanization» (EuroLaw) «Ժան Մոնե ամբիոն» նախագիծը, որը ներկայացրեց Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական ամբիոնի վարիչ, նախագծի հեղինակ Աննա Խվորոստիանկինան։
Իսկ «Էրազմուս+ Վիրտուալ փոխանակներում ԲԿ և երիտասարդության համար» գործողության շրջանակներում ֆինանսավորված ՀՀ բուհի մասնակցությամբ դեռևս միակ նախագիծը՝ «Climate University for Virtual Exchanges» (CLUVEX), ներկայացրեց Երևանի պետական համալսարանի Դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը։
Բոլոր ներկայացումներին հաջորդեց հարց ու պատասխան խոսնակների և հանդիսատեսի միջև։
Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր Էրազմուս+ ծրագրի 2021-2027թթ. առաջնահերթություններին, որոնք կարևոր և անհրաժեշտ է հաշվի առնել ցանկացած նախագիծ մշակելիս։
Եվ այսպես, Եվրասիա միջազգային համալսարանի Ռազմավարական ծրագրերի ղեկավար Արևիկ Օհանյանը խոսեց «Թվային փոխակերպում» Էրազմուս+ առաջնահերթության մասին, ինչպես նաև ներկայացրեց բոլորովին վերջերս Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) հայաստանյան խմբի կողմից կատարված «ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության արդյունքների՝ թվայնացման ուղղությամբ ի հայտ եկած արդյունքները։
«Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխության դեմ պայքար» Էրազմուս+ առաջնահերթությունը, դրան առնչվող կարևորագույն փաստաթղթերը և դրույթները ներկայացրեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։ Իսկ «Ներառականություն և բազմազանություն» առաջնահերթությունը, այդ ուղղությամբ ՀՀ բուհերում ներկա իրավիճակը, մարտահրավերները և այդ ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերի մասին խոսեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ակադեմիական ծրագրերի մշակման ստորաբաժանման ղեկավար Ռուզաննա Մինասյանը։
Միջոցառումը եզրափակեց Լանա Կառլովան՝ ներկայացնելով Էրազմուս+ 2024թ․ Առաջարկների մրցույթին դիմելու համար անհրաժեշտ պայմանները և օգտակար նյութերի հղումներ։
Հիշեցնենք, որ մրցույթի մեկնարկին մնացել են հաշված օրեր։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը պլանավորում է առաջիկայում իրականացնել մի շարք իրազեկման միջոցառումներ՝ առանձին գործողությունների վերաբերյալ։ Ներկայացնում ենք առաջիկա միջոցառումների վերաբերյալ մանրամասներ՝
- նոյեմբերի 27, «Նախագծի մշակում և բյուջեի կազմում», Հայաստանի ազգային ագրարային համալսարան
- նոյեմբերի 29, «Ինչպե՞ս մշակել Էրազմուս Մունդուս նախագծեր», Երևանի պետական համալսարան
- դեկտեմբերի 15, «Ինչպե՞ս մշակել Ժան Մոնե նախագծեր», Եվրասիա միջազգային համալսարան
Բացի այս սեմինարներից՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը պատրաստում է մի շարք այլ միջոցառումներ՝ ուղղված միջազգային գործընկերների հետ կապեր հաստատելուն և նախագծերի գաղափարներ քննարկելուն։