Հոկտեմբերի 05 2023
vaghy evlaxum naxatesvac e baq n275657 1

Արցախից հեռու, Արցախի կողքին

Առավոտյան ութն է: Վերջին անգամ մայրս մեր շանն է կերակրում, իսկ դարպասի ճռռոցն ազդարարում է, որ մեքենան հիմա պատրաստվում է շարժվել:

Ստեփանակերտից 58 կմ․ հեռավորության վրա գտնվող Մոնթեաբերդում քար լռությունը ձուլվել է սաղարթախիտ բնությանն ու կամուրջ կապել մառախլապատ ամպերի հետ: Պատշգամբից չեմ կարողանում իջնել ներքև, որ մեքենա նստեմ ու վերջին հրաժեշտը տամ մեր տանը, մեր Դինգոյին, մեր բակին ու քարացած անգամ չեմ լսում ընտանիքիս բղավոցը, թե արագացրեք…

10 կիլոմետր անց տեսնում  ենք Ավոյի աղբյուրը, որը վերանվանվել է հերոս Մոնթե Մելքոնյանի անունով։ Եվ այսպես շարունակում  ենք ճանապարհը՝ կանգ առնելով  մեր բառբառով Մագուն կոչվող աղբյուրի մոտ, խմում Արցախյան սառնորակ ջուրը և շարժվում առաջ։ Անցնելով Վարանդայի հնագույն բնակավայրերի կողքով, հասնում ենք Ննգի գյուղ, տեսնում ենք Բովրուխանի վանքը, որը գտնվում է Ննգի և Քռասնի գյուղերի միջև։ Վանքի Բովուրխան անվանումը թույլ  է տալիս ենթադրել, որ այն առաջացել է Վարանդա գավառի իշխան Մելիք Բադիրի անունից։ Վերջինս իշխել է 17-րդ դարի առաջին կեսին, մինչև 1640-ական թվականը։ Վանքը հաստատված է  Ավետարանոց գյուղից հյուսիս, շուրջ 10 կմ հեռու։ Շարժվելով առաջ՝ հանդիպում  ենք Անահիտի աղբյուրի բլրին տեղակայված Բռի Եղցի միջնադարյան խոշոր վանքային համալիրին։ Վանքերն էլ լուռ են…Եվ վերջապես հասնում ենք մայրաքաղաք տանող ոլորաններին։ Քաղաք մտնելուն պես տեսնում ենք Պյատաչոկում իրարանցումը, կապոցներով մեքենաները, երեխաների աչուկներն ու մարդիկ, որ չգիտեն ինչ անել։

Վառելիքի հայթայթման հերթը, վազվզոցը Ստեփանակերտում համախմբել է բոլորին՝ կարծես մի մեծ արցախյան ընտանիք, ով ինչպես կարողանում է օգնում է դիմացինին: Բոլորն իրար բանալիներ են փոխանցում, թե ով ավելի ուշ ճամփա կընկնի, մյուս հարևանի տանից կարող է հնարավորության դեպքում իրեր վերցնել, անհրաժեշտ գույք:

Շարժվում ենք դեպի Հայաստան՝ չունենալով ոչ մի հարցի պատասխան, ոչ մի պատկերացում, ու՞ր ենք գնում, ինչո՞ւ ենք գնում, կամ կհասնե՞նք, թե՞ ոչ…

5-6 ժամանոց ճանապարհը ձգվում է երկու-երեք օր. անվերջ կանգառներ, բռնի տեղահանվածներիս քարավանը առանց որևէ հույսի, ապրելու կամքի գնում է դեպի անցակետ, որտեղ թշնամին երբեմն բիրտ ժպիտով նայում է հեռացող արցախցիներիս ու իբրև բարի կամք՝ թույլատրում գնալ…

Այսօր ես Արցախում քայլում եմ, քայլում մտովի, կանգ առնում ամեն մի թփի ու ծառի կողքին, ծնկի  իջնում  վանքերի շեմին, աղոթում անվե՜րջ, աղոթում եմ, որ մի օր նորից խրոխտ քայլելով արցախցուս վայել կքայլեմ իմ Սուրբ Արցախյան հողում։