ԵՄՀ հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ օրերս դեմառդեմ և առցանց եղանակով կազմակերպվեց ուսանողների մոտ գործնական հմտությունների և հետազոտական կարողությունների զարգացմանն ուղղված «Հղումներ կատարելու մեթոդական ուղենիշներ և ՏՀՏ գործիքներ հետազոտողների համար» թեմայով սեմինարների շարքը։
Սեմինարները վարեց ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, ասպիրանտ Մարիամ Ջիլավյանը, ով Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում սովորել է Լիտվայի Միկոլաս-Ռոմերիս համալսարանում, ինչպես նաև որպես հետազոտող և գիտայցելու վերապատրաստվել Կրակովի Յագելոնյան համալսարանում: Էրազմուս+ կարողությունների զարգացման և փոխանակման տարբեր ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել է նաև Եվրոպական լավագույն բուհերում՝ բարձրագույն կրթության կառավարման, կրթության և հետազոտության միջազգայնացման, որակի ապահովման և այլ թիրախային թեմաների շուրջ: Ներգրավված է միջազգային տարատեսակ նախագծերում, համահամակարգում է Էրազմուս+ ARMDOCT կարողությունների զարգացման նախագիծը։
Սեմինարների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց օգտագործված աղբյուրների բազմազան տիպերին, հղում կատարելու միջազգայնորեն ընդունելի Հարվարդի ոճին՝ մանրամասն ներկայացվեց հիմնական սկզբունքներն ու օրինակները, մի շարք թվային գործիքներ՝ միտված հետազոտողների աշխատանքի դյուրինացմանն ու արդյունավետության բարձրացմանը:
Առցանց սեմինարներին ներկա էին թեմայի նկատմամաբ հետաքրքրություն ցուցաբերած բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, տարբեր կառույցների հետազոտողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։