Եվրասիա միջազգային համալսարանն այսուհետ հագեցած է ևս մեկ գերժամանակակից լաբորատորիայով՝ մեդիալաբով, որի նպատակն է ստեղծել նոր մեդիաբովանդակությամբ կրթական ծրագրեր: Ամբողջությամբ հագեցած լաբորատորիան հարթակ կդառնա երիտասարդ հետազոտողների, ասպիրանտուրայում սովորողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար՝ ստեղծելու որակյալ տեսադասեր, դասախոսություններ ու կրթական տեսանյութեր, թվային կրթական բովանդակություն, որոնք կլինեն նաև սուրդոթարգմանությամբ:
Բացի այդ մեդիալաբը կծառայի լրագրության կրթական ծրագրի ուսանողների պրակտիկ հմտությունների զարգացմանը և նրանց աջակցությամբ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները հնարավորություն կստանան ստեղծել կրթական, գիտահետազոտական ու մասնագիտական մեդիաբովանդակություն:
«Ուրախ եմ, որ այսպիսի հնրավորություն ևս ստեղծվեց մեր ուսանողների և դասախոսների համար: Տեսնելով, թե ինչպիսի տեխնիկական պրոֆեսիոնալ հագեցվածությամբ է մեդիալաբը ներկայանալու հանրությանը՝ համոզված եմ, որ ասպիրանտուրայի և լրագրության բաժնի ուսանողները միանգամից պրակտիկ աշխատանքների օգնությամբ կդառնան մրցունակ մասնագետներ՝ սկսած դեռևս ցածր կուրսերից կկարողանան ստեղծել որակյալ ռեպորտաժներ, ուսանելի տեսանյութեր, ինչի կարքն այսօր շատ մեծ է: Մաղթում եմ ստեղծագործական անսպառ երևակայություն ու նորանոր հաջողություններ, սա իսկապես եզակի հնարավորություն է բոլորի համար, որովհետև արդեն պայմաններ ստեղծվեցին անցնելու տեսականի հետ ներդաշնակ գործնական հմտությունների զարգացմանը միտված զուգակցված ուսուցման: Սա է բարձրագույն մասնագիտական կրթության առջև այսօր ծառացած գլխավոր խնդիրը»,-իր ողջույնի խոսքում նշեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:
ԵՄՀ լրագրության կրթական ծրագրի պատասխանատու Տիգրան Հարությունյանն ընդգծեց, որ մեդիալբը առաջիկայում կներկայանա ուսանողական նոր շնչով՝ ժամանակակից մեդիա ասելիքով ու որակյալ բովանդակությամբ, որի գլխավոր դերակատարները կլինեն եվրասիականները:
«Երբ ես էի ուսանում լրագրության բաժնում, այսպիսի լաբորատորիա ունենալը երազանք էր, որտեղ կարելի էր սովորել տեսախցիկի, կադրի, լույսի հետ աշխատանքը, փորձել հարցազրույցներ վարել և զարգացնել հմտությունները, իսկ այսօր սա Եվրասիայի ուսանողների և բոլորիս համար իրականություն է, որն իսկապես և՛ պարտավորեցնող է, և՛ հպարտանալու առիթ»,-հավելեց Տիգրան Հարությունյանը:
Նշենք, որ ՄեդիաԼաբի տեխնիկան ձեռք է բերվել Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» Armdoct կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում