ԵՄՀ կառավարման ամբիոնի դասախոս (տ.գ.թ.), Եվրասիա վարժարանի փոխտնօրեն Գոհար Մելիքբեկյանն այս շաբաթ Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում վերապատրաստվում և դասախոսություններ է կարդում Չեխիայի Մասարիկ համալսարանում:
Չեխիայի ուսանողակենտրոն քաղաքի ամենախոշոր համալսարանում այս օրերին ԵՄՀ աշխատակիցը հանդիպումներ է ունեցել բուհի միջազգային կապերի կենտրոնի ղեկավար կազմի և տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպումերի ընթացքում քննարկել են տարաբնույթ հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի առանձնահատկություններին, կրեդիտային համակարգին, հետազոտական աշխատանքներին, դասագրքերին, դասավանդման մեթոդներին: Միջազգային գործընկերներին առավել տպավորել է ԵՄՀ փորձը:
«Անչափ ոգևորիչ էր ինձ համար մեր միջազգային գործընկերների խոստովանությունը, որ ինձ պես «պահանջկոտ» մասնագետ դեռևս չեն ունեցել, ինչի արդյունքում էլ վերջիններս սիրով և պատրաստակամությամբ կիսվում են իրենց լավագույն փորձով: Առջևում իրականացնելու եմ դասալսումներ, այցելելու եմ տարբեր ֆակուլտետներ, կլինեն նաև հանդիպում-քննարկումներ բուհի այլ ստորաբաժանումների վարչակազմի հետ»-դեռևս օնլայն մեզ է պատմում Գոհար Մելիքբեկյանը։
Բավականին հագեցած ու բազմաբովանդակ վերապատրաստման ծրագրի ընթացքում տիկին Մելիքբեկյանը իրականացրել է նաև դասալսումների շարք «Բիզնես գործընթացների կառավարում», «Ռազմավարական կառավարում» առարկաներից: Ինտերակտիվ դասերի վերջում գործընկերների հետ քննարկել են գնահատման համակարգի առանձնահատկությունները, ուսանողներին մոտիվացնելու իրենց մոտեցումները, դասավանդման մեթոդներ:
«Այս չորս օրերի յուրաքանչյուր օրվա ամփոփումս իրականացնում էի Մասարիկ համալսարանի գրադարանում: Տպավորիչ գրադարանը զարմացնում էր իր ընթերցասեր ուսանողով ու դասախոսով: Հաջորդ օրը ինձ արդեն հասանելի չէր նախորդ օրվա ուսումնասիրած մասնագիտական գրականությունը, քանի որ այն գտած էր լինում իր հիմնական ընթերցողին: Մեկ օրվա մեջ սպառվում էին տասնյակ գրքեր»,-պատմում է Գոհար Մելիքբեկյանը:
Ի դեպ, միջազգային գործընկերները ԵՄՀ աշխատակցի հետ քննարկել են նաև հետագա համագործակցության նախագծեր, որը մշակման և բանակցային փուլում է։