ԵՄՀ կառավարման և ՏՏ ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյան
———————————————————————
Խնդրում ենք նշել երեք պատճառ, թե ինչու՞ եք աշխատում ԵՄՀ—ում:
1․ ԵՄՀ-ն մեծ հնարավորություններ է բացում անձնական և մասնագիտական աճի համար։ Ինքնակրթությունը և ինքնազարգացումը այստեղ աշխատանքի անբաժանելի մասն են։
2․ ԵՄՀ-ն քաջալերում է առաջընթացը, նորարարությունը և այլատիպությունը։
Այստեղ չեն սահմանափակում միտքն ու ստեղծագործական ազատությունը։
3․ ԵՄՀ-ն մասնագիտական ծանոթությունների և համագործակցությունների, ինչպես նաև միջազգային փոխանակման ծրագրերի լայն հնարավորություններ է բացում իր աշխատակիցների համար։
Պատճառները իհարկե շատ ավելի շատ են, բայց բավարարվենք երեքով։
Ի՞նչ խորհուրդ կտաք դիմորդին մասնագիտություն ընտրելիս. ինչպե՞ս կողմնորոշվել:
Կարծում եմ՝ մասնագիտություն ընտրելիս նախասիրությունները պետք է լինեն առաջին պլանում։ Եթե ծնողները ցանկանում են, որ բժիշկ դառնաք, բայց դուք ձեզ ծրագրավորող եք պատկերացնում, ճիշտ կլինի գնալ սեփական երազանքի հետևից։ Նույն տրամաբանությամբ՝ եթե տեխնիկական առարկաներ չեք սիրում, հաստատ չարժե ընտրել ծրագրավորողի մասնագիտությունը միայն այն պատճառով, որովհետև այն բարձր է վարձատրվում։
Հաջորդ քայլով խորհուրդ կտամ անպայման խոսել ձեր շրջապատում ձեզ հետաքրքրող մասնագիտությամբ աշխատող, ձեզ ծանոթ մարդկանց հետ։ Ճշտե՛ք՝ արդյոք իրենց ամենօրյա աշխատանքում իրենք անու՞մ են այն, ինչ դուք եք պատկերացնում։ Միգուցե դուք պատկերացնում եք, որ այդ աշխատանքը ենթադրում է մարդկային շփումներ և բանակցություններ, իրականում պարզվում է, որ այն ավելի շատ աշխատանք է փաստաթղթերի հետ, և հակառակը։ Խոսե՛ք նաև այդ մասնագիտությունը ունեցող շրջանավարտների հետ։ Արդյոք կրթական պրոցեսը այնպիսի՞ն է, ինչպիսին դուք եք պատկերացնում։
Կարևոր է ինչպես մասնագիտության ճիշտ ընտրությունը, այնպես էլ այդ մասնագիտությունը ուսուցանող ծրագրի ճիշտ ընտրությունը։ Օրինակ, «Կառավարում» մասնագիտությունը տարբեր բուհերում կարող է դասավանդվել տարբեր մեթոդներով. մի տեղ կարող է ծրագիրը ավելի տեսական կազմված լինի, մյուս բուհում՝ պրակտիկ մասը շեշտադրված լինի։
Կարևոր է նաև կրթական ծրագրի կառուցվածքը։ Տեխնոլոգիաները փոխում են աշխարհը ամեն վայրկյան։ Այս տեմպի տակ արագ փոխվում են նաև մասնագիտությունները և մասնագետներին ներկայացվող պահանջները։ Նախկինում մասնագիտությունը ընտրում էին ամբողջ կյանքի համար։ Ներկայումս, սակայն, ուսանողը կարող է ընտրել մասնագիտություն, որը իր ավարտելու պահին այլևս ակտուալ չէ։
Ի՞նչ անել այս իրավիճակներից խուսափելու համար։ Փնտրե՛ք և գտեք այնպիսի կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս արագ արձագանքել աշխատաշուկայի փոփոխություններին։ Դրանք հիմնականում ընտրովի առարկաներ պարունակող ծրագրերն են, որի դեպքում ուսանողը ընթացքում կարողանում է առարկաների մի մասը ընտրել՝ իր ուսումնական պլանը համապատասխանացնելով իր նպատակներին և շուկայի արդի պահանջներին։
Իսկ ի՞նչ անել, եթե տատանվում եք երկու մասնագիտությունների միջև։ Սա շատ հաճախ հանդիպող իրավիճակ է։ Այս դեպքում էլ խորհուրդ կտամ փնտրել և գտնել միջդիսցիպլինար մոտեցումներ ունեցող ծրագրեր։
Խորհուրդ կտամ անպայման այցելել տարբեր բուհերի կայքեր, համեմատել ծրագրերը, մասնակցել բուհի կազմակերպած առցանց միջոցառումներին, հնարավորության դեպքում այցելել բուհ, շփվել անձնակազմի հետ։ Հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքե՛ք ձեզ հետաքրքրող կրթական ծրագրերի մասին։ Այդ դեպքում ընտրությունը ինքնաբերաբար կստացվի։
Ի՞նչ խորհուրդ եք սովորաբար տալիս Ձեր ուսանողներին՝ ապագա հաջողակ կարիերա կառուցելու համար։
Խորհուրդ եմ տալիս ուսանողական տարիները օգտագործել արդյունավետ։ Խորանալ ձեզ հետաքրքրող առարկաների մեջ, բայց նաև շատ շփվել։ Շփվել բուհի ներսում և բուհից դուրս, մասնակցել տարբեր միջոցառումների, ձեռք բերել նոր ընկերներ և ծանոթություններ։ Նրանք ձեր ապագա գործընկերներն են լինելու տարբեր բնագավառներում և չի բացառվում, որ հենց նրանցից մեկից էլ ստանաք լավ աշխատանքի առաջարկ կամ նրանց հետ հիմնադրեք ձեր հաջողակ բիզնեսը։
Արդյունավետ օգտագործե՛ք համալսարանի կազմակերպած պրակտիկաները, ինչպես նաև փորձեք հնարավորինս մասնակցել կամավորական աշխատանքների։ Դա ձեզ կօգնի փորձ կուտակել և սահուն անցնել ձեր հաջողակ կարիերայի առաջին քայլերը։
Եվ վերջապես, համալսարանը ավարտելուց հետո էլ կրթության պրոցեսը կանգ չի առնում, այն ուղղակի որակապես փոխվում է։ Եթե ուզում եք հաջողակ կարիերա, ապա պետք է մշտապես կրթվեք և ինքնակրթվեք։