Դեկտեմբերի 31 2020
8

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի տարեմուտի խոսքը

Հարգելի՛ ընկերներ,

հոգեպես բազմափեղկված վիճակում ենք ամփոփում 2020 թվականը: Այդ փեղկվածությունը պայմանավորված է, նախ` այն դրական ու ցանկալի տեղաշարժերով, որոնք նկատվեցին երկրի սոցիալ-տնտեսական կյանքի առաջընթացում` հատկապես ժողովրդավարական կառուցվածքների կայացման և հասարակական հարաբերությունների բարելավման գործում: Մարդիկ դարձան ինքնագոհ: Մյուս կողմից` համավարակի հետևանքներով պայմանավորված, դեռևս մեծ չափերի հասնող մարդկային ցավալի, անդառնալի կորուստներով:  Այդ կորուստները զգալի ավելացան հանկարծահաս և առեղծվածային, թավշյա բնույթ ունեցող պատերազմի հետևանքով: Սպասված ու չսպասված պատերազմ, որն ունեցավ նույնքան առեղծվածային ընթացք ու դեռևս անհասկանալի ավարտ:

Եթե համավարակը, բարեբախտաբար, հասկանալի պատճառներով կնահանջի և հետևանքները գուցե և մոռացության կտրվեն, ապա պատերազմի հետևանքները բավականին խորն ու տևական հետքեր են թողնելու: Խոսքը մարդկային, տարածքային և մշակութային կորուստների մասին է:

Այս համազգային ողբերգությունը` պայմանավորված Թուրքիայի գործոնով, հարյուրավոր տարիներ է, ինչ դարձել է պարբերական  վտանգի աղբյուր և դեռևս չի հաջողվել դրա դեմ պայքարելու հուսալի ելքեր գտնել (այն դեռևս չի էլ դիտարկվում որպես հատուկ ազգային ռազմավարություն)` չնայած մեր օրերում ակնառու ընդգծվեց վտանգի բոլոր ուղղությունները:

Եթե այս երկու արհավիրքն ունեն առաջացման մեզնով չպայմանավորված դրդապատճառներ, ապա ի հայտ եկած մի երրորդ` ներքաղաքական հակամարտությունը, անկասկած, արդյունք է հասարակության ներսում առաջացած զանազան հիմնավորված և չհիմնավորված պատճառների: Փաստորեն, անվստահությունը, կասկածամտությունը, արտաքին ուժերի միջամտությունը, իշխանատենչությունը, պոպուլիզմը և ոչ արհեստավարժ աշխատանքը և այլն, զարմանք առաջացնելու հետ մեկտեղ, նաև զայրույթի պատճառ են դառնում: Առկա են ազգային խնդիրների նկատմամբ ոչ այնքան պատասխանատու, այլ պետական շահերն անձնակենտրոն երևույթներով անփութորեն շրջանցելու փորձեր:

Մենք` կրթության համակարգում ներգրավվածներս, արդեն ներկայանում ենք մի դեպքում որպես հանդիսատես, մեկ այլ դեպքում` հանրային դատավոր: Ընդ որում` որպես արհեստավարժ դատավորներ   մենք գործ ունենք այնպիսի «դատական դեպքերի» քննության հետ, երբ բոլոր «դերակատարները» ներկայացնում են հասարակական ամենատարբեր բևեռներ, սակայն, բոլորն էլ իրենց չափանիշներով պաշտպանում են երկրի շահերը: Եվ մեզ համար բավականին դժվար իրադրություն է առաջացել` ինչպե՞ս իրականը զանազանել պատրանքներից ու հաճախակի կրկնվող ե՞րբ «պետք է» ձևակերպումը համարել փաստարկված, կամ ո՞վ է իսկապես ազգային շահեր հետապնդող:

Այնպես որ` սիրելի՛ մանկավարժներ, սովորողներ և ծնողներ, մեզ` որպես «հանդիսատես-դատավորիների», այս նոր տարում բավականին բարդ աշխատանք է սպասվում. պետք է կարողանանք զանազանել բնականը` արհեստականից, ազգայինը` ապազգայինից, արհեստավարժությունը` դիլետանտությունից, հայրենապաշտությունը` անձնապաշտությունից, ժողովրդավարությունը` ամբոխավարությունից: Շատ կարևոր է նաև զանազանել հաստատված կարգերով և մրցութային պայմաններով աշխատանքային մշակույթը անհատական ցանկություններով պաշտոնավարումից: Ժամանակն է, որ զանազանենք պատեհապաշտ ցանկությունները հիմնավորված նախագծերով ու ծրագրերով աշխատանքային մշակույթից: Այս վերջին թերությունը ակնառու բացասական հետևանքներ է առաջացնում:

Հետևաբար, մեր ընդհանրացված ցանկությունն է շարունակել զբաղվել  ստանձնած գործով, առավել բարելավել և բարձրացնել բոլոր ծրագրերով ուսուցման արդյունավետությունը, պահպանել մեր բարձր մրցունակությունը և վարկանիշը:

Ահա՛ այսօր մեր ունեցած անփոփոխ դերակատարությունը:

Այս է փոքր ինչ յուրահատուկ շնորհավորական ցանկություններով իմ խոսքը` ուղղված բոլորիդ, 2021 թվականի տարեմուտին:  Եղե՛ք առողջ, լավատես, առավել ջերմ վերաբերվեք միմյանց և հատկապես հայրենիքին: Շատ սփյուռքահայեր երազում են վերադառնալ, որովհետև այստեղ տիրում է հայկական մշակույթը` յուրօրինակ և   անաղարտ:

Սիրելի՛ Եվրասիականներ, թևակոխում ենք թվային տեխնոլոգիաների լայնամասշտաբ զարգացման և տարածման ժամանակաշրջան: Այսուհետև ինտելեկտուալ ներուժի օգտագործման և հատկապես արհեստական բանականության տեխնոլոգիաները փոխելու են մեր կյանքի կանոնները:Բանական ռեսուրսուվ մեր երկիրն իսկապես հարուստ է, դա պետք է դիտել նավթին այլընտրանքային: Հետևաբար, հետագա տարիները մերն են լինելու, Վազգեն Սարգսյանն իսկապես չի սխալվել: Պատրաստվենք մեր նոր ու մասշտաբային անելիքներին: Մեր կարգախոսը պետք է լինի. յուրաքանչյուրս մեր ստանձնած գործը կատարենք բարեխղճորեն:

Շնորհավոր նոր` 2021 Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր,

պրոֆեսոր ՍՈՒՐԵՆ ՕՀԱՆՅԱՆ