Սեպտեմբերի 14 2020
IMG 5080

Կրթաթոշակներ՝ Գիտական խորհրդի հաստատմամբ

Ս.թ. սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ դեմ առ դեմ նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձավ օրակարգում ներառված հարցերին: Մասնավորապես, օրակարգի կարևոր կետերից էր «Օհանյան» կրթաթոշակի մրցույթի ամփոփումը, համաձայն որի՝ 2019-2020 ուստարվա ընթացքում բակալավրիատի միջին որակական բարձր գնահատական ունեցող ուսանողներին շնորհվեցին անվճար և ուսման վարձի զեղչի արտոնություններ։ Խորհուրդը հաստատեց նաև «Եվրասիա»  հետազոտական կրթաթոշակի մրցույթի մեկնարկը, որին կարող են մասնակցել բացառապես մագիստրատուրայի ուսանողները։

Նիստում քննարկվեց նաև նոր ուսումնական տարում միջին մասնագիտական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։

ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը Գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց Ուսանողների և աշխատակազմի շրջանում իրականացրած տարեկան ամփոփիչ հարցման վերլուծությունը, 2019-2020 ուսումնական տարվա 4-րդ եռասմյսակի հաշվետվությունները։ Մ․Ջիլավյանի առաջարկով խորհրդի անդամները քննարկեցին նաև ՈԱԱԿ ներկայացվելիք 1-ին հաշվետվության նախապատրաստման աշխատանքները։

Օրակարգային հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: Ամփոփելով նիստը՝ նախագահ Սուրեն Օհանյանը փաստեց, որ նիստի ընթացքում առաջ քաշված հարցերը և կայացրած որոշումները նախադրյալներ կստեղծեն նոր ուսումնական տարում գործընթացների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից։