Օգոստոսի 31 2020
IMG 3879

Նոր ուսումնական տարին Գիտական խորհրդի օրակարգում

Ս.թ. օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Պահպանելով անվտանգության կանոնները և հետևելով պարետատան ցուցումներին՝ դեմ առ դեմ նիստի սկզբում խորհուրդը նախ քննարկեց և հաստատեց գիտխորհրդի նոր կազմը, այնուհետև անդրադարձավ օրակարգում ներառված մի շարք այլ հարցերի: Օրակարգի կարևոր կետերից էր նոր ուսումնական տարվան համալսարանի նախապատրաստման մասին հարցը, որի շուրջ խոսեց ԵՄՀ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քրիստինե Մինասյանը։ Վերջինս փաստեց, որ բուհը պատրաստ է վերսկսելու կրթական գործունեությունը, քանի որ ՔՈՎԻԴ-ով պայմանավորված՝ լիարժեք կազմակերպված է բուհի ախտահանումը և պահպանված են պարետատան ցուցումներով հակահամաճարակային անվտանգության կանոնները։

Նիստում ամփոփվեց նաև 2020-2021 ուստարվա համալսարանի և վարժարանի ընդունելության արդյունքները, ընդունող հանձնաժողովը ներկայացրեց ընդունելության ցուցանիշները՝ հատկապես փաստելով միասնական քննական կարգով դիմորդների քանակական և որակական աճը, նաև վերհանվեցին առկա բացթողումները, որոնց շուրջ պետք է աշխատանքներ տարվեն հաջորդ ուսումնական տարվա ընդունելության գործընթացի մեկնարկից առաջ։

Խորհուրդը որոշեց Աշնանային կիսամյակում համալսարանի դասերը սկսել ժամը 9։30-ից, իսկ վարժարանինը՝ 10։15-ից։ Վարժարանում ուսուցիչները պարտադիր զուգակցելու են ֆիզիկական վարժությունները ուսումնական պարապմունքների հետ։

Հաշվի առնելով նաև հակահամաճարակային իրավիճակով պայմանավորված ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման մի շարք այլ հարցեր՝ մասնագիտական ամբինները գիտխորհրդի հաստատմանը ներկայացրին վերանայված և բարեփոխված ուսումնական պլաններն ու դասացուցակները։

Որակի ապահովման կենտրոնը Գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց «Կրթական ծրագրերի մշակման և մշտադիտարկման կարգ»-ում և «Արտոնությունների սահմանման և կրթաթոշակների տրամադրման կարգ»-ում փոփոխությունները։

Օրակարգային հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: Ամփոփելով նիստը՝ նախագահ Սուրեն Օհանյանը հավաստեց, որ համալսարանը պատրաստ է նոր մարտահրավերով պայմանավորված Աշնանային կիսամյակի ուսումնական գործընթացը կազմակերպելուն ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ առցանց հարթակում, ինչը հիմնապես կանդրադառնա առաջիկա նոր ծրագրերի մշակման և կենսագործման վրա։