Այս օրերին Եվրասիա միջազգային համալսարանում ընթանում են բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի առցանց նախապաշտպանությունները: Ի տարբերություն նախորդ տարիների՝ աշխատանքները նախապես գնահատվել են Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնի և Հետազոտական ինկուբատորի կողմից, բացահայտվել են բոլոր խնդիրները, ինչպես նաև դրական փորձը: Նշենք, որ ուսանողներին նախապես բուհը ընձեռել էր հնարավորություն մասնակցելու «Հետազոտական մեթոդներ» դասընթացին, որի ժամանակ վերջիններս ուսումնասիրել են քանակական և որակական տարբեր մեթոդներ:
Գնահատելով աշխատանքային շուկայի պահանջները՝ բուհում առաջնային խնդիրներից է համարվում հետազոտական հմտությունների զարգացումը: Բուհն ուսանողների կողքին է հետազոտական հմտությունների զարգացման նպատակով , և ոչ միայն ապահովել է դասընթացներ, այլ նաև վերափոխել է ավարտական և հետազոտական աշխատանքների մշակման ուղեցույցը և պահանջները՝ տարվա ընթացքում մանրակրկիտ ներկայացնելով ուսանողներին, ղեկավարներին, իրականացնելով մի շարք վերապատրաստումներ:
Աշխատանքների նախապաշտպանության ընթացքում ուսանողներն ստացան կառուցողական առաջարկներ ամբիոնի դասախոսների, համալսարանի Որակի ապահովման կենտրոնի և Հետազոտական ինկուբատորի աշխատակիցների կողմից, ընձեռվեց հնարավորություն մինչ պաշտպանությունը կատարել շտկումներ:
Չնայած, որ մեծ թվով աշխատանքներ իրականացվել էին նոր պահանջներին և ցուցումներին համապատասխան և օրինակելի էին, այնուամենայնիվ առկա էին նաև աշխատանքներ տարբեր աղբյուրներից արտագրված: ԵՄՀ ուսանողն այսուհետ գիտի, որ ակադեմիական ազնվության որևէ խախտման դեպքում աշխատանքը ենթակա կլինի վերամշակման կամ, որոշ դեպքերում նաև, ուսանողը ստիպված կլինի իրականացնել հետազոտությունը կրկին և պաշտպանել հաջորդ տարի:
Համալսարանը նպատակ ունի արմատապես փոխելու բուհում հետազոտական մշակույթը՝ ուսանողներին հետադարձ կապի ապահովման, ինչպես նաև տարբեր դասընթացների իրականացման միջոցով. այս նպատակով վերանայվում են նաև մասնագիտական դասընթացների ընթացիկ պահանջները:
Աշխատաշուկայում մրցունակ լինելու համար շրջանավարտը պետք է տիրապետի հետազոտելու, գիտելիք ստեղծելու, գիտելիքը թարմացնելու մեթոդներին, և արտագրությամբ ամփոփված աշխատանքներն այլևս բուհում տեղ չպետք է ունենան: