Հայտնի են Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական Ինկուբատորի կողմից հայտարարված Փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի արդյունքները։ Մրցույթին ներկայացվել էր 12 հայտ, որից վերջին փուլում հանձնաժողովի կողմից ընտրվեց 6 ծրագիր։
Հատկանշական է, որ ծրագրերից երկուսը զարգացվել են գործատուների հետ համագործակցությամբ․ կուսումնասիրվի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի փոփոխությունների կառավարման և վերափոխման գործընթացը, ինչպես նաև «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի օրինակով կբացահայտվեն բանկերում կառավարման հիմնախնդիրները։ Հետազոտական խմբերից մեկը կուսումնասիրի Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի զարգացման օրինակը և նոր հեռանկարները։
Երկու դրամաշնորհային ծրագրեր միջդիսցիպլինար են, որոնց շրջանակներում կստեղծվեն ուսումնական ձեռնարկներ․ առաջինը՝ Բիոէթիկայի ուսումնական ձեռնարկն է, որի առանցքում կլինեն գենային ինժեներիայի, էվթանազիայի, հղիության արհեստական ընդհատման, օրգանների փոխպատվաստման, հարկադիր հոսպիտալացման և այլ խնդիրների ուսումնասիրությունը: Երկրորդ ուսումնական ձեռնարկը կբացահայտի դեղամիջոցների շրջանառության և դեղագործության ներպետական ու միջազգային իրավակարգավորումների առանձնահատկությունները։
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կուսումնասիրվեն նաև ՀՀ զբոսաշրջության զարգացման հեռանկարային ուղղությունները և կգնահատվի տնտեսական ցուցանիշների վրա զբոսաշրջության ազդեցությունը։
ԵՄՀ Հետազոտական ինկուբատորը կշարունակի բոլոր ընտրված 6 ծրագրերի և թիմերի հետ աշխատանքը՝ իրականացնելով վերապատրաստման ծրագրեր, հետևելով ծրագրերի ընթացքին և ապահովելով ահրաժեշտ ռեսուրսներ որակյալ արդյունքի համար։