Փետրվարի 05 2020
IMG 1102 scaled

ARMDOCT ծրագիրն ուղղակիորեն նպաստելու է Հայաստանի վերափոխման նոր ռազմավարությանը

Փետրվարի 4-5-ը կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի մեկնարկային հանդիպումը։

Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ ծրագրի անդամ 15 բուհերի ներկա-յացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվեցին՝ բարեփոխելու Հայաստանում դոկտորական կրթությունը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը, ինստիտուցիոնալ ընթացակարգերը։

ARMDOCT նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայանացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։

Հանդիպման բացման արարողության ընթացքում բուհերի փորձագետներին, համագործակիցներին ողջունեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ով շեշտեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շրջանակներում վերջապես հնարավոր կլինի ապահովել Բոլոնյան գործընթացի ամբողջական իրականացումը, կձևավորվի կրթության երրորդ մակարդակը։ «Այս ծրագիրը գալիս է ճիշտ ժամանակին և էական ներդրում կունենա՝ ապահովելով նորմատիվ իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև բովանդակային բարեփոխումներ։ Այն ուղղակիորեն նպաստելու է Հայաստանի վերափոխման նոր ռազմավարությանը, քանի որ առանց արդյունավետ դոկտորական կրթության անհնար է կառուցել ամուր տնտեսություն»։

Եվրասիա միջազգային համալսարանի Ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը նշեց, որ ARMDOCT ծրագրի տեսլականն ամբողջությամբ համընկնում է ՀՀ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնադրույթներին և էականորեն կարող է նպաստել եվրոպական հետազոտական տարածքին ՀՀ բարձրագույն կրթության, գիտության և տնտեսության ինտեգրմանը։ Ըստ պրոֆեսոր Օհանյանի՝ ծրագրի շրջանակներում ստեղծված գործիքակազմը կստեղծի նախադրյալներ երկրում էականորեն խթանելու նորարարությունները։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ժան Մարկ Լավեստը, ով կարևորեց բարեփոխման նորարարական մոտեցումները և հատկապես ԵՄ գործընկերների լավագույն փորձի տեղայնացումը․ «Ուրախ եմ, որ նախագծում ներգրավված են համագործակիցներ եվրոպական բուհերից, ում օգնությամբ պետք է ուսումնասիրենք դոկտորական կրթության եվրոպական լավագույն փորձը, սակայն տեղայնացնենք ՀՀ առանձնահատկություններին համապատասխան»։

Ներկաներին ողջունեց նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը, ով ընդգծեց, որ ծրագրի իրականացման համար լավագույն ժամանակն է, քանի որ ներկայումս Հայաստանը քննարկում է իր ապագա ռազմավարությունը և օրենքի նոր նախագիծը․ «Սա ճիշտ ժամանակն է օգնելու ՀՀ կառավարությանը հասկանալ դոկտորական կրթության ներքին խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ»։

Նախագծի մեկնարկային հանդիպմանը և բոլոր քննարկումներին մասնակցեց նաև Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կարլովան, ով կարևորեց դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացված բոլոր ծրագրերի դերը և համագործակիցների սերտ համագործակցությունը՝ ապահովելու առավել մեծ ազգային ազդեցություն։

Հանդիպման երկրորդ օրվա ընթացքում ՀՀ և ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատությունների, կրթության փորձագետների, ասպիրանտների, հետազոտողների, գործատուների մասնակցությամբ իրականացվեցին բաց քննարկումներ, որի ընթացքում վեր հանվեցին ընդունելության, ղեկավարման, ուսումնառության և դոկտորական կրթության որակի ապահովման մի շարք հիմնախնդիրներ։ Քննարկման մասնակիցները կարևորեցին անվճար դոկտորական կրթության հնարավորությունը, որն առկա է, սակայն միևնույն ժամանակ տեսնում էին կոռուպցիոն լուրջ պահպանված ռիսկեր։ Խմբային քննարկումների ժամանակ մի շարք խնդիրներ մատնանշվեցին, այդ թվում միջդիսցիպլինար հետազոտությունների իրականացման համար սահմանափակ հնարավորությունները, արդյունա¬բերության հետ կապի հստակ մեխանիզմների բացակայությունը, որակի ապահովման խնդիրներ ինչպես ընդունելության, այնպես էլ հետաազոտության և պաշտպանության ընթացքում, գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդների կազմի վերափոխման և պարբերական թարմացման անհրաժեշտություն և այլն։

Քննարկումները վարեցին ARMDOCT ծրագրի եվրոպացի համագործակիցները, ովքեր ՀՀ համագործակիցների հետ միասին առաջիկայում կներկայացնեն եվրոպական լավագույն փորձը և դոկտորական կրթության որակի բարելավման հնարավոր լուծումներ։