Նոյեմբերի 08 2019
IMG 6137

Հուշերը դեռ երկար կապրեն․ օրը նվիրված էր Սիլվա Կապուտիկյանին

Սիլվա Կապուտիկյան․ հայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Նրա ստեղծագործությունները արդիական են նաև այսօր։ Նրան լավագույնս նկարագրել է հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանը,-«Թերևս մեզանից ոչ ոք չի կարողացել իր ստեղծագործության մեջ այնպես զուգակցել միտքն ու զգացմունքը, ավանդականն ու ժամանակակիցը, ազգային ձևն ու մարդկային խորքը, եղերգականն ու մարտականը, հետիոտն, գիտակցված պրոզաիզմն ու ճախրող բանաստեղծականը, ինչպես Կապուտիկյանը»:

Այս տարի լրացավ մեծն Կապուտիկյանի ծննդյան 100 ամյակը։ Այս կապակցությամբ ս․թ․նոյեմբերի 7-ին Եվրասիա միջազգային համալսարանի Գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ, որը կրում էր «Քարավանների խաչուղիներում» խորագիրը։

Եվրասիա ավագ դպրոց- վարժարանի աշակերտները և բուհի ուսանողները անդրադարձան բանաստեղծուհու կենսագրության հետաքրքիր դրվագներին, ևս մեկ անգամ հիշեցին նրա բանաստեղծությունները, նվիրեցին նրան երաժշտական կատարումներ:

Հանդիպման հրավիրյալ հյուրն էր Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանը։ Նա լսարանին յուրօրինակ կերպով ներկայացրեց բանաստեղծուհու կերպարը, անցած ուղին, հանգամանալից անդրադարձավ նրա ստեղծագործություններին: Հանդիպման ավարտին կազմակերպվեց ակտիվ քննարկում «Քարավանները դեռ քայլում են» ստեղծագործության շուրջ։