Հավատարիմ մնալով իր գեղեցիկ ավանդույթներին՝ ս.թ. հոկտեմբերի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը կազմակերպեց ամենամյա մշակութային-ճանաչողական ուղևորություն՝այս անգամ բացահայտելու Գյումրու գեղատեսիլ վայրերը: Յուրօրինակ ուղևորությանը միացել էին նաև ԵՄՀ միջազգային ուսանողները:
Արդեն ավանդույթ դարձած այս միջոցառման նպատակն է ԵՄՀ նոր ընդունված ուսանողներին ինտեգրել համալսարանական կյանքին, ոչ պաշտոնական մթնոլորտում ծանոթանալ միմյանց հետ, կառուցել միջանձնային ջերմ հարաբերություններ և միաժամանակ իրազեկ դառնալ ԵՄՀ ավանդույթներին, ուսումնագիտական մշակույթին ու այդ մշակույթում գործելու կանոններին:
Ուսանողների առաջին կանգառը 7-րդ դարում կառուցված Թալինի Կարմրավոր եկեղեցին էր, որից հետո ճանապարհը շարունակվեց դեպի Գյումրի: Ուսանողներին, ողջ ուղևորության ընթացքում, լավագույն ընկեր դարձավ ծնունդով գյումրեցի վարորդ Գևորգը, ում առաջնորդությամբ
ուսանողները շրջեցին քաղաքով և լավագունս բացահայտեցին Գյումրին: Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը անչափ հիացրել էր հատկապես միջազգային ուսանողներին: Այդուհանդերձ ճանապարհը այսքանով չավարտվեց: Դեռ անակնկալ էր սպասվում:
ԵՄՀ ուսանողների բազմաբովանդակ և հետաքրքիր ուղևորությունը ամփոփվեց Մարմաշենի վանական համալիրում, որտեղ նրանք ծանոթացան Հեղնար աղբյուրի հետաքրքիր պատմությանը:
Ոգևորված և երիտասարդական ավյունով լեցուն ուսանողները չէին շտապում տուն գնալ և հենց այստեղ էլ դիմավորեցին մայրամուտը:
Ուսանողական խորհուրդը իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնում ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր պարոն Սուրեն Օհանյանին՝ իրենց կողքին լինելու, խրախուսելու և լավագույն ավանդույթները ամրապնդելու համար: