Ս․թ․ հունիսի 30-ին ԱՄՆ Սթոունհիլ քոլեջի պատվիրակները ամփոփելով LION ծրագիրը Հայաստանում՝ վերադարձան ԱՄՆ։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Հայաստան էին ժամանել ԱՄՆ Սթոունհիլ քոլեջի պրոֆեսորներ Թոդդ Գերնեսը, Աննա Օհանյանը և իրենց ութ ուսանողները։ Վերջիններս ծրագրի շրջանակներում հետազոտել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, կոռուպցիան և բռնությունը, մարդկանց թրաֆիքինգը, կլիմայի փոփոխության անվտանգության հիմնախնդիրները, գենդերային հարցերը և կապը խաղաղության հետ, ինչպես նաև սիրիացի փախստականներին ուղղված մարտահրավերները: Հայաստանում մոտ երեք շաբաթ տևողությամբ հետազոտական պրակտիկա անցնելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամում, Սիվիլնեթում, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունում, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնում և Կանանց ռեսուրսային կենտրոնում՝ ուսանողներն իրենց տպավորիչ զեկույցներով հանդես եկան հունիսի 21-ին և 22-ին Եվրասիա միջազգային համակսարանում կազմակերպված «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» խորագրով երկօրյա միջազգային ուսանողական գիտաժողովին։
Նոր միջավայրին ուսանողների արագ և արդյունավետ ինտեգրումն ապահովելու համար իրականացվել են նաև էքսկուրսիաներ, գիտաճանաչողական այցեր և տարբեր մշակութային միջոցառումներ։
Հավելենք, որ LION ծրագիրը ԱՄՆ Սթոունհիլ քոլեջի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Եվրասիա միջազգային համալսարանի համատեղ ջանքերի արդյունքն է։