Այսօր՝ ս.թ. ապրիլի 22-ին, Եվրասիա միջազգային համալսարանում էին Վալենսիա համալսարանի (Իսպանիա) Ֆիզիոլոգիայի ֆակուլտետի դոկտոր Մարիա Պասկուալ Մորային և նույն ֆակուլտետի լաբորատորիայի ասիստենտ Մարտա Պիկերես Ֆրանկոյին, որոնք Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում մեկ շաբաթ Եվրասիա միջազգային համալսարանում կիրականացնեն փորձի փոխանակում։ Վալենսիա համալսարանի ներկայացուցիչներին համալսարանում հյուրընկալեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Ռեկտորը ողջունեց վերջիններիս այցի կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ երկօրյա դասախոսությունները էական ներդրում կլինեն ԵՄՀ և այլ բուհերի ուսանողների գիտելիքների հարստացման գործում, իսկ համատեղ լաբորատոր աշխատանքները կնպաստեն ուսանողների փորձի ավելացմանը։ Ռեկտորը փաստեց նաև, որ Վալենսիա համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի ակտիվ համագործակցությունը՝ ի թիվս ուսանողների, դասախոսների, աշխատակազմի փոխանակման ծրագրերի ավելացման, տարեցտարի նպաստում է ԵՄՀ կրթական գործընթացի բարելավմանը։
Այցի առաջին օրվա ընթացքում Վալենսիա համալսարանի ներկայացուցիչները հանդիպում-քննարկումներ ունեցան նաև ԵՄՀ Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանի և Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանի հետ։
Առաջին օրվա ավարտին ԵՄՀ ուսանող-մենթորները կազմակերպեցին շրջայց քաղաքամայր Երևանում։
Նշենք, որ վաղը՝ ս.թ. ապրիլի 23-ին, Վալենսիա համալսարանի (Իսպանիա) Ֆիզիոլոգիայի ֆակուլտետի դոկտոր Մարիա Պասկուալ Մորային կանցկացնի առաջին բաց դասախոսությունը՝ Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում՝ «Role of the TLR4 immune response in alcohol‐induced brain dysfunctions in a model of Fetal Alcohol Spectrum Disorders (FASD)» թեմայով: