Հարգելի՛ ուսանողներ,
Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ:
Հասարակության զարգացման ընթացքը մեծապես պայմանավորված է ձեզանով: Ձեր ակտիվ, նախաձեռնող և գործնական բնույթի վարքը ուղղակիորեն նախապայման է հանդիսանում հասարակական զարգացումների համար։ Ձեր նախաձեռնություններում որքան դուք լինեք նորարար, բարձրաձայնեք ժամանակի ոգին, ճիշտ պատկերացնեք առաջընթացի ուղղությունները, այնքան արդյունավետ կլինեն հասարակական զարգացումները: Դու՛ք եք մեր երկրի քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, հոգևոր և այլ ոլորտների բարոմետրը: Ձեր անսխալ, ազգային արժեքների հիման վրա առաջադրված ռազմավարական բնույթի ծրագրերը կարող են ուղենիշ հանդիսանալ նաև հանրապետության ղեկավարության համար՝ նախանշելու մեր ազգային առագաստի կանխորոշված ընթացքը:
Սիրելի՛ ուսանողներ,
Հանրապետությունում հասարակական-քաղաքական արժեքային համակարգի փոփոխություն է տեղի ունեցել. ակնառու են ժողովրդավար, ասել է, թե` կյանքի բնականոն զարգացման ընթացքին համահունչ արժեքային համակարգի դրսևորումներ: Դուք այդ գործընթացին նույնպես մասնակից եք եղել և ձեր ցանկությամբ են նաև ընթացել հասարակական նոր զարգացումները, հետևաբար, ձեզ էլ վիճակված է խիզախելով իրագործելու և անձնային մասնակցություն ունենալու մեր ազգային զարգացման բոլոր գործընթացներում: Մենք ձեզ հավատում ենք:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ուսանողների համերաշխության այս գեղեցիկ օրվա առթիվ և ցանկանում եմ, որ այն պարգևի ձեզ երջանկություն և համախմբի կրթական ու գիտական համարձակ ձեռնարկումների հասնելու ճանապարհին նորանոր բարձունքներ հաղթահարելիս: Մաղթում եմ Ձեզ դառնալ բարձրակարգ մասնագետներ՝ ի նպաստ հասարակության և ի շահ մեր անկախ ազգային միավորի, որը գուցե և քարտեզի վրա մեծ չէ, սակայն բովանդակայնորեն համաշխարհային ճանաչում ունի։
ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան