«Եթե փոփոխություններն անխուսափելի են, ապա ժամանակն է այն ղեկավարել»,- այս նախաբանով ս.թ. նոյեմբերի 15-ին ԵՄՀ կառավարման ամբիոնի դասախոս, տնտ. գիտ. թեկնածու Գոհար Մելիքբեկյանը սկսեց «Փոփոխությունների կառավարման մոդելների առանձնահատկությունները» թեմայով գիտագործնական սեմինարը:
Հանդիպման սկզբում Գ.Մելիքբեկյանը սահմանեց «Փոփոխությունների կառավարում» հասկացությունը, այնուհետև անդրադարձավ թեմայի շրջանակներում իր կողմից կատարած հետազոտությանը: Զեկուցողը լսարանին ներկայացրեց փոփոխությունների ընկալման արագությունը անհատի և կազմակերպության տեսանկյունից, այնուհետև հանգամանալից խոսեց փոփոխությունների վրա ազդող գործոնների մասին: Գ.Մելիքբեկյանը հանդիպման ներկաների ուշադրությունը հրավիրեց փոփոխությունների կառավարման կառուցվածքի վրա` մանրամասն ընդգծելով վերջինիս տարրերը: Հարցումների արդյունքում կատարած վերլուծության հիման վրա բանախոսը առանձնացրեց փոփոխությունների կառավարման մի քանի խնդիրներ: Փոփոխությունների կառավարման մոդելների առանձնահատկություններին անդրադառնալիս հանդիպման մասնակիցները կատարեցին մի շարք հարցադրումներ, ինչն էլ իր հերթին ծավալեց ակտիվ քննարկում:
Հանդիպման նյութը ամփոփվեց խաղ-վարժության շրջանակներում, ինչը առավել ամրապնդեց ներկայացված թեման:
Հիշեցնենք, որ գիտագործնական սեմինարը կազմակերպվել էր ԵՄՀ կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ: