Ս.թ. հոկտեմբերի 17-ին ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար՝ «Կոնֆլիկտային իրավիճակների մասին պատկերացումները և դրանց տարբերությունների պատճառները» թեմայով, որը ներկայացրեց Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը Իսպանիայի Վալենսիա համալսարանում անցկացրած ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նունե Թորոսյանը: Ն.Թորոսյանը «Կոնֆլիկտների և բանակցությունների արվեստ» առարկայի շրջանակներում ստացած գիտելիքները կիսեց ԵՄՀ ուսանողների հետ:
Հանդիպման սկզբում Նունեն հարցադրումների միջոցով սահմանեց «կոնֆլիկտ» հասկացությունը, այնուհետև խոսեց կոնֆլիկտային իրավիճակում կողմերի դիրքորոշումների մասին: Հանդիպմանը առավել ակտիվ ընթացք հաղորդեցին զեկուցողի կողմից առաջադրված իրավիճակային վերլուծությունները, որի ժամանակ ծավալվեց ակտիվ քննարկում: Նունեն հորդորեց ուսանողներին առավել կառուցողական մոտեցում ցուցաբերել քննադատական իրավիճակներում և դասակարգել գործողություններն ըստ հաջորդականության: Կոնֆլիկտը հարթելու համար Նունեն առաջարկեց լուծման ուղիներ: Ասվածն առավել պատկերավոր դարձնելու համար զեկուցողը ներկայացրեց կոնֆլիկտի կառուցվածքի գծապատկերը, որին հաջորդեց հոլովակի դիտումը: Այն առավել մեծացրեց ներկաների ուշադրությունը քննարկվող թեմայի նկատմամբ և ամփոփեց քննարկման արդյունքները: