Սեպտեմբերի 03 2018
IMG 8361

Եվրասիա միջազգային համալսարանում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Եվրասիա միջազգային համալսարանը գրկաբաց ընդունեց իր հին և նոր ուսանողներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ այսպիսով ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկը:IMG 8440

Օրը հատկապես բացառիկ էր նրանց համար, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում ակադեմիական կրթության նոր աշխարհ: Տարեսկզբի մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ողջույնի իր խոսքով հանդես եկավ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, ով շնորհավորեց Եվրասիա միջազգային համալսարանի բոլոր ուսանողներին նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա առթիվ, մաղթեց ուսումնառության հաջող սկիզբ և գիտության դարբնոցում արարելու նոր լուսե հորիզոններ, այնուհետև շարունակելով իր խոսքը՝ ողջունեց առաջին կուրսեցիների և միջազգային ուսանողների մուտքը բուհ՝ որպես համալսարանի նոր սերունդ՝ հույս հայտնելով, որ իրենց նորարար գաղափարներով կկերտեն զարգացման նոր էջեր: Ռեկտորը հավաստիացրեց, որ բուհի ընտրության հարցում ուսանողները կատարել են ճիշտ ընտրություն, քանի որ այն ընձեռում է բացառիկ հնարավորություններ բոլոր այն շահագրգիռ անձանց, ովքեր ցանկություն ունեն բարձունքների հասնելու ուսումնառության ընթացքում: Միջոցառումը շարունակեց ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը, ով խոսեց նախորդ ուստարում ԵՄՀ ձեռքբերումների և հաջողությունների մասին, հակիրճ ներկայացրեց նոր ուստարվա անելիքները: Որպես բուհի գործունեության նախորդ ուսումնական տարվա աշխատանքների հաշվետվություն՝ ցուցադրվեց տեսանյութ: Ի. Բաբայանը խոսեց նաև միջազգային ծրագրերին մասնակցած ուսանողների հաջողություններից և ներկայացրեց ինչպես արդեն իսկ մասնակցած, այնպես էլ՝ ներկայումս սովորող և արտերկիր նոր մեկնել պատրասվող ուսանողներին, որից հետո ողջույնի իր խոսքով հանդես եկավ համալսարանի «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության գծով ամբիոնի  վարիչ Սոնա Հակոբյանը, ով շնորհավորեց ներկաներին նոր ուստարվա կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն, նպատակասլացություն: Այնուհետև խոսքը տրվեց Միջազգային կապերի և հետազոտությունների բաժնի պատասխանատու Ն. Ջոմարդյանին, ով ներկայացրեց միջազգային բուհերի հետ համագործակցությունները և ընդգծեց տարեցտարի օտարերկրյա ուսանողների թվի ավելացումը Եվրասիա միջազգային համալսարանում, ինչը փաստում է համալսարանի նկատմամբ հետաքրքրությունների շրջանակի մեծացումը:

Միջոցառման ավարտից հետո, ըստ օրակարգի, համալսարան նոր ընդունված ուսանողները ծանոթացան գրադարանին, գրանցվեցին Moodle համակարգում, յուրաքանչյուր ամբիոնի կողմից կազմակերպվեց լսարանային աշխատանք:

Հագեցած օրվա արդունավետությունը փաստեցին մի շարք ուսանողներ, ովքեր մեծ խանդավառությամբ հայտնեցին իրենց գոհունակությունը: