Այս օրերին ԵՄՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Սոնա Հակոբյանը և Կառավարման ամբիոնի դասախոս Ալիկ Ստեփանյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում գտնվում են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ մասնակցելու Եվրասիա միջազգային համալսարանի և Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կազմակերպված փոխանակման ծրագրին: «Միջազգային մարտահրավերների հաղթահարման ուղիները» խորագիրը կրող վերապատրաստման դասընթացների օրակարգի շրջանակներում Սոնա Հակոբյանը և Ալիկ Ստեփանյանը քննարկել են միջազգային համագործակցությանը, օտարերկրացիների կրթության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցեր։
Փոխանակման ծրագրին մասնակցում են նաև Ալբանիայի, Իրանի, Ճապոնիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների տարբեր բուհերի ավելի քան 75 ներկայացուցիչ։
Ինչպես նշում են մեր պատվիրակները, վերապատրաստման ծրագիրը հագեցած ու բազմաբովանդակ է: Առջևում նրանց սպասվում են այցեր տարբեր ֆակուլտետներ, հանդիպումներ, քննարկումներ, ինչպես նաև ԵՄՀ փորձի ներկայացում։
Հավելենք, որ Եվրասիա միջազգային համալսարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, նոր ուսումնական տարում Սոնա Հակոբյանը և Ալիկ Ստեփանյանը իրենց ձեռք բերած փորձն ու այցի արդյունքները կներկայացնեն իրենց գործընկերներին և ուսանողներին: