Եվրասիա միջազգային համալսարանը, Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցելով եվրոպական առաջատար բուհերի հետ, մշտապես խրախուսում է նաև դասախոսների միջազգային փոխանակումը:
Այս անգամ` 2018թ. մայիսի 7-11-ը, փոխանակման ծրագրին մասնակցեց և Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Լիտվա) դասախոսություններով հանդես եկավ ԵՄՀ Կառավարման ամբիոնի դասախոս, տնտ.գիտ.թեկնածու Ալիկ Ստեփանյանը:
Նա հյուրընկալող բուհի բակալավրի ուսանողներին ներկայացրեց դասախոսություններ «Երկրորդային տվյալների վերլուծություն» թեմայով, իսկ մագիստրատուրայի ուսանողներին` «Մարքեթինգային հետազոտություն, փուլերը, գործիքները» թեմայով:
Ա. Ստեփանյանի հետ մեկտեղ դասավանդման միջազգային շաբաթվա ընթացքում փոխանակման ծրագրի շրջանակներում դասախոսություններ են ունեցել նաև Ֆրանսիայի, Հոլանդիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի Բելոռոսի և Կոսովոյի ներկայացուցիչները:
Հավելենք, որ Եվրասիա միջազգային համալսարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, հետագայում Ալիկ Ստեփանյանը ձեռք բերած փորձն ու այցի արդյունքները կներկայացնի իր գործընկերներին և հետաքրքրված ուսանողներին: