Մայիսի 08 2018
IMG 3088

Կառավարման խորհրդի նիստ՝ կառուցողական և ստեղծարար մթնոլորտում ու դրական ելքով

2018թ. մայիսի 5-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ ԵՄՀ Կառավարման խորհրդի (այսուհետ՝ ԿԽ) հաջորդ, հերթական նիստը: ԿԽ նախագահ, կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ներկայացրեց քննարկվող օրակարգը:
Նիստին մասնակցում էին ԿԽ անդամներ` տնտ.գիտ. դոկտոր Աշոտ Մարկոսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տեխ. գիտ. թեկն., դոցենտ Գագիկ Մակարյանը, ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, տնտ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, «WORLD FREE ZONES ORGANIZATIONS»–ի Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրեն Նիկա Մանուկովան, «Caramel Digital Agency» հիմնադիր տնօրեն Արսեն Սուլթանյանը և այլոք: IMG 3079
Քննարկմամբ հաստատվեց ԿԽ նոր կազմը, անդրադարձ կատարվեց օրակարգի երկրորդ կետին՝ 2016-2017 ուստարվա ԵՄՀ գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությանը: Իր խոսքում ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր,պրոֆեսոր Սուրեն Օհանյանը ընդլայնված զեկույցում նաև փաստեց, որ հավատարմագրման գործընթացը հեշտացրել է ռեկտորի աշխատանքները և ներկայումս գործող կառուցվածքներից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները, աշխատանքների կատարման շրջանակները: Ռեկտորի հաշվետվության հիմքում ընկած էին մեթոդական մի քանի դրույթներ. մասնավորապես՝ համալսարանի միջազգայնացմանը միտված բարեփոխված ռազմավարությունը, նախորդ հավատարմագրման ընթացքում բացահայտված թերությունների վերացման ուղիները և նոր ստեղծված ենթակառուցվածքների ու ֆինանսական իրավիճակից բխող իրադրության ներկայացումը: Ակտիվ քննարկման ընթացքում ռեկտորին ուղղեցին բազմաթիվ հարցեր: Վ.Բոստանջյանի կողմից առաջադրված հարցերը վերաբերում էին մասնագիտական աշխատանքի անցած բուհի շրջանավարտների վիճակագրությանը և հետազոտական աշխատանքների բնույթին: Առաջին հարցին ի պատասխան ԵՄՀ ՈԿ ղեկավար Արևիկ Օհանյանը ներկայացրեց անհրաժեշտ հիմնավորումներով վիճակագրական տվյալներ, իսկ երկրորդ մասի շուրջ մանրամասն խոսեց ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտության կենտրոնի պատասխանատու Նունե Ջոմարդյանը, ով նաև անդրադարձավ Գ. Մակարյանի հարցին՝ ներկայացնելով դասախոս-ուսանող համատեղ հետազոտության թեմաները՝ ավելացնելով, որ հետազոտության հիման վրա ստեղծված հոդվածները տպագրվում են: Վ.Բոստանջյանի կողմից առաջարկ եղավ նաև հետազոտությունների արդյունքները ներկայացնել համապատասխան շահառուներին՝ այդ թվում Ազգային ժողով, դրանց հիման վրա բարելափոխումներ իրականացնելու համար: Առաջարկ եղավ նաև զարգացնել ուսանողների մասնագիտական ունակությունները ընդլայնված պրակտիկաների միջոցով: Ա.Օհանյանը հավելեց, որ այս կապակցությամբ փոփոխվել են ուսումնական պլանները և համապատասխանեցվել են ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին:
ԵՄՀ հաշվապահ Հասմիկ Հանեսյանի կողմից ներկայացվեց 2017թ. բյուջեի կանխիկ մուտքերի և ելքերի հաշվետվությունը և 2018թ. նախահաշիվը: Նա մանրամասն ներկայացրեց բյուջեի կատարողականը, ծախսերի կառուցվածքը: Ներկայացրածի հիման վրա առաջարկվեց՝ մինչ ուսումնական տարվա սկիզբը համալսարանի նախահաշիվը հաստատելիս այն դնել առցանց քվեարկության, իսկ ահրաժեշտության դեպքում` նիստերը անցկացնել առավել հաճախակի:
Օրակարգային հարցերից էր նաև ԵՄՀ միջազգայնացման ռազմավարությանը նվիրված հարցի քննարկումը, որը ներկայացրեց ՈԿ ղեկավար Ա.Օհանյանը: Նա միջազգայնացումը հանգամանալից դիտարկեց հինգ հիմնական ուղղություններով՝ կառավարման և աշխատակազմի, արտագնա ու ներգնա ուսանողական շարժունակության խթանում և միջազգային ուսանողների թվի աճ, ուսումնական պլանների ու կրթական ծրագրերի միջազգայնացում, հետազոտության միջազգայնացում, միջազգային տեսանելիության բարձրացում: Այս գործընթացում Ա.Օհանյանը կարևորեց օտար լեզուներով մասնագիտական առարկաների դասավանդումը և փաստեց, որ միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցած ուսանողները անմիջապես անցնում են աշխատանքի: Անդրադարձ եղավ նաև միջազգային ամսագրերում հոդվածների հրատարակմանը, միջազգային հարթակներում բուհի տեսանելիությունը բարձրացնելուն ուղղված քայլերին: Վ.Բոստանջյանի կողմից առաջարկվեց` այսուհետ հանդես գալ նախաձեռնողի դերում և հայաստանյան բուհերի հետ կնքել մտադրությունների հուշագիր՝ մի շարք հարթակներում համատեղ ներկայանալու և կուտակված փորձը տարածելու համար:

IMG 3092
Որակի ապահովման կենտրոնի հաշվետվությանը անդրադառնալիս Ա. Օհանյանը նշեց, որ բարելավվել է ՈԱ ուղեցույցը, վերափոխվել է պլանավորման և հաշվետվության համակարգը՝ ներկայացնելով նախկինում առկա խնդիրները, ներդրվել է դասախոսական և վարչական կազմի բազմագործոն գնահատման համակարգ, մշակվել է նաև կրթության որակի գնահատման համակարգ՝ ներգրավելով ուսանողներին և ընտրելով որակի ապահովման գործակալներ յուրաքանչյուր ամբիոնից: Ա.Օհանյանը խոսեց նաև վերապատրաստման ծրագրերից՝ որպես ուսուցման որակին ուղղված գործընթացի` ընդգծելով, որ վերապատրաստումները բուհում անցկացվել են հատկապես հրավիրյալ մասնագետների ջանքերով և Եվրոպական համալսարաններ գործուղման միջոցով, ընդ որում, անցկացվել են նաև արտագնա վերապատրաստումներ: названия 1
Նիստին ԵՄՀ հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պատասխանատու Արմինե Մանասյանի կողմից ներկայացվեց նաև ԵՄՀ դիմորդների հավաքագրման ռազմավարությունը: Նա անդրադարձավ ուսանողների ներգրավման և խթանման նպատակով իրականացրած վերլուծության արդյունքներին, ռազմավարության ծրագրի նպատակներին և առաջադրված խնդիրներին, ներկայացրեց դիմորդների թիրախային խմբերը, խոսեց բարելավմանն ուղղված քայլերի մասին: Ներկաների կողմից հնչեցին հարցեր, որոնք առնչվում էին բուհ-դպրոցներ և միջին մասնագիտական հաստատություն համագործակցությանը: Ս.Պիպոյանի կողմից ներկայացվեց համագործակցության առաջարկ արհեստագործակցական հաստատությունների հետ:
Այսպիսով փաստենք, որ նիստի ընթաքում հնչած տեսակետներն ու մեկնաբանությունները լավագուն ուղենիշներ են հանդիսանում ԵՄՀ գործընթացների զարգացման հարցում: