Ապրիլի 06 2018
IMG 18021

Ձեռքբերված փորձի ներկայացում «Էրազմուս+» փոխանակման  ծրագրի շրջանակներում

2018 թ. մարտի 5-9-ը՝ միջազգայնացման շաբաթվա ընթացքում, ԵՄՀ ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը և Միջազգային կապերի ու հետազոտությունների կենտրոնի պատասխանատու, իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, դասախոս Նունե Ջոմարդյանը գտնվում էին Իսպանիայի Վալենսիա քաղաքում՝ մասնակցելու Եվրասիա միջազգային համալսարանի և Վալենսիա համալսարանի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կազմակերպված փոխանակման ծրագրին:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ս.թ. ապրիլի 5-ին փոխանակման ծրագրին մասնակցած աշխատակիցները կիսեցին իրենց փորձն ու գիտելիքները ԵՄՀ մյուս աշխատակիցների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Զեկուցողները հանգամանալից ներկայացրին հագեցած ու բազմաբովանդակ վերապատրաստման ծրագիրը՝ մինչ այդ անդրադառնալով Վալենսիա համալսարանի պատմությանը՝ սկսած հիմնադրումից մինչև զարգացման և կատարելագործման ներկայիս օրերը: Ի. Բաբայանը և Ն. Ջոմարդյանը ուրախությամբ փաստեցին, որ հյուրընկալող համալսարանում փոխանակման մասնակիցների թվով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է առաջին տեղում, իսկ այստեղ առավել բարձր է եղել Եվրասիա միջազգային համալսարանի ցուցանիշը: Ծրագրի մասնակիցները հանդիպումների ընթացքում անդրադարձել են իրենց բուհերի կրթական ծրագրերին, օտարերկրացիների կրթության կազմակերպմանը և այլն, ինչպես նաև քննարկել  են միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր ու կիսվել փորձով: Ծրագրով նախատեսված է եղել նաև ներկայացումներ մասնակիցների կողմից: Ֆորումի ժամանակ ԵՄՀ պատվիրակները ներկայացրել են ԵՄՀ-ն, իր գործունեությունը, իրականացվող ծրագրերը:

Փոխանակման ծրագրին մասնակցել են նաև տարբեր ներկայացուցիչներ՝ Ուկրաինայից, Ղազախստանից, Բոսնիա և Հերցեգովիայից, Լիտվայից և այլն:

Ծրագրում ներառված են եղել նաև այցեր հյուրընկալող բուհի տարբեր ֆակուլտետներ, գրադարան, ուսանողական հանրակացարաններ, համալսարանական թանգարաններ, լաբորատորիաներ, որը Ի.Բաբայանի և Ն.Ջոմարդյանի խոսքերով, բավականին ամենատպավորիչ է եղել: