Մարտի 27 2018
29572594 2179400162085162 380955704213887667 n

Լևոն Վարդանի գրադարանի բացումը ԵՄՀ-ում

Ս/թ մարտի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ բեյրութահայ գրող, հրապարակախոս, պատմաբան, թարգմանիչ Լևոն Վարդանի գրադարանի բացումը: Գրողի ողջ գրական ժառանգությունը ընտանիքը նվիրել է Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, գրադարանների տնօրեններ, աշակերտներ և ուսանողներ:29541242 2179400172085161 7294284567917550206 n
Միջոցառումն իր ողջույնի խոսքով բացեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին այս մեծ իրողությունը ԵՄՀ-ի հետ տոնելու համար, նշեց, որ Լևոն Վարդան հեղինակը բազում անտիպ գործեր ունի, որոնք կարող են շատ մեծ ուսումնասիրությունների, մագիստրոսական աշխատանքների և ատենախոսությունների հիմք դառնալ, և հորդորեց ներկաներին դառնալ նրա գործերի ակտիվ ընթերցողն ու ուսումնասիրողը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարի խոսքով օրը պատմական է, քանի որ Լևոն Վարդանն այսօր վերադարձել է: Կարևորն այն է, որ գիրքը չմնա պահարանի մեջ. գիրքն է ուսանողի և աշակերտի հետագա ճանապարհը հարթողը: Գիրքը կյանքի կապն է՝ ապագան հզորացնելու, զորացնելու: Նա նաև շնորհակալություն հայտնեց Լևոն Վարդանի ընտանիքին և նշեց, որ այսօր մեր բոլորի ցանկություններն ու հնարավորությունները համընկել են: Այս գրադարանը մի ողջ հարստություն է, որի վերադարձը հայրենիք շատ կարևոր է: Հորդորեց օգտվել և օրինակ վերցնել Լևոն Վարդանի գաղափարներից: Վերջում նախարարն առաջարկեց ռեկտոր Ս. Օհանյանին թվայնացնել այս ողջ հարստությունը:29512161 2179400218751823 785680945454114807 n
Սուրեն Դանիելյանը նշեց, որ ինքը ճանաչել է Լևոն Վարդանին: Լևոն Վարդանը պատմաբան էր, բանաստեղծ, մանկավարժ: Եթե արձակ էր գրում, այդ ժամանակ ևս դեռ բանաստեղծ էր: Լևոն Վարդանի ընտանիքի ընտրությունը տեղին էր, որ այս ամենն իր հանգրվանը գտավ հայկական, ուժ ու եռանդ ունեցող, աշխատող և տրոփող համալսարանին: Ժամանակին Մուշեղ Իշխանը խոսում էր բանաստեղծության դերի ու նշանակության մասին. նրա համար ստեղծագործական նույն նժարի վրա էին «ճարտարապետ հանճարները» և «գեղջուկ բանվորները»՝ որպես մեր մշակույթի բարձր կոթողը կանգնեցրած ուժեր, որոնցից շատեր մնացած են «մոռացության մութին տակ»: Լևոն Վարդանի ներկայությունը նրանց շարքերը խտացրած ուժն է: Ըստ Ս. Դանիելյանի՝ Լևոն Վարդանի գիրքը արևներ է բերել մեզ:
Շնորհակալական և ոգևորիչ խոսքով հանդես եկավ նաև Կարո Վարդանյանը, ով հիշեց, որ հենց Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանի ջանքերով է տպագրվել նրա «Հարկերը օսմանյան և պարսկական կայսրություններուն մեջ» գրքի առաջին հատորը:
29572365 2056644321235168 6645673454266393663 nԵվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի փոխտնօրեն Սիրարփի Դավթյանն անդրադարձավ գրողի գրական ժառանգությանը՝ նշելով, որ Լևոն Վարդանը մեկն է այն սփյուռքահայ գրողներից, ով իր ստեղծագործական ճակատագրով նվիրված էր բացահայտելու հայի ով լինելը, նրա դերը պատմության և հասարակության մեջ, ևս մեկ անգամ աշխարհասփյուռ դարձնելու այն փաստը, որ, այո՛, իսկապես եղել է 1915-ը, որ, այո՛, հայը տանջվել է, բայց երբեք չի ծնկել:
​Բազմաժանր է Լևոն Վարդան գրողը. ունի չափածո, արձակ, գրականագիտական, պատմագիտական գործեր: Այդ գործերը կարող են հետաքրքրել ինչպես բանասերներին, գրականագետներին, պատմաբաններին, նաև՝ իրավաբաններին, տնտեսագետներին, ցեղասպանագետներին և արաբագետներին:
Լևոն Վարդանը մտածում էր, որ եթե ինքն իր գրքերով կարողացավ մի փոքր լուսամուտ բացել դեպի արևմտահայ իրականությունը, ինքն իրեն շատ բավարարված կզգա՝ շատ լավ իմանալով, որ մի օր պիտի գտնվեն ուրիշները, որ այդ փոքր լուսամուտից պիտի փորձեն դիտել ամբողջ երեկը, որն արևմտահայության կյանքի ու կեցության պատմությունն էր, և այդ ձևով պիտի արձագանքեն այն ամենին, ինչը կտեսնեն որպես ճշմարիտ և հիմնական, անուրանալի և անհերքելի մի ժողովրդի կյանքից ներս, որը արևմտահայն է, որի մի մասնիկը հենց ինքն էր:
29570571 2179400378751807 1085148729772876224 n

Միջոցառումը եզրափակեցին Եվրասիա միջազգային համալսարանի աշակերտ Սարգիս Գաթրճեանը, ով ընթերցեց հատված «Ժամանակագրություն հայկական 15-ի» գրքից, և Եվրասիա միջազգային համալսարաի «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լառա Պաթրոնյանը, ով ասմունքեց բանաստեղծություններ հեղինակի «Վարուժնագրքից» և «Կրկին հեծություն» ժողովածուից:
Գրողի ստեղծագործությամբ հետաքրքրվողները կարող են օգտվել այս հղումից՝ https://eiu.am/%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/