Ս.թ. դեկտեմբերի 20-ին տեղի Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնը ԵՄՀ գրադարանի հետ համատեղ կազմակերպեց «Փեակների տարաբախտություն» վեպի քննարկումը, որը ներկայացրեց վեպի հեղինակ արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբանության պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը: Հանդիպման սկզբում հեղինակը ներկայացրեց իր անցած ուղին, մասնավորապես նշելով , որ հեղինակել է շուրջ 50 գիտական աշխատանք և ավելի քան 15 գիրք, զեկուցումներով հանդես է եկել մի շարք հանրապետական և միջազգային գիտական համաժողովներում, հայերեն, ռուսերեն ու անգլերեն գիտական հոդվածները հրատարակվել են հայասատանյան և արտասահմանյան միջազգային գիտական ամսագրերում, հանդիսանում է Հայաստանի գրողների միության անդամ, կատարել է թարգմանություններ անգլերենից հայերեն և հակառակը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, իտալերեն, վրացերեն, ուկրաիներեն, պարսկերեն, թուրքերեն, ռումիներեն, խորվաթերեն, արաբերեն լեզուներով և հրատարակվել արտասահմանյան հայտնի ամսագրերում ու անթոլոգիաներում: 2008թ. «Աստված խելքը թռցրել, անօգնական նայում է մարդկանց» գրքի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակին։ «Աստծո բնակեցրած երկրում» վեպը 2009թ. արժանացել է ՀԳՄ, Ռուսաստանի Հայերի միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի մրցանակին: Դ. Համբարձումյանը խոսեց նաև ստեղծագործական գործունեության ընթացքում իրեն հանդիպած հայտնի մարդկանց՝ գրողների, գրականագետների մասին, ովքեր մեծ ավանդ են ունեցել իր կայացման գործում:
Կյանքի բավականին հարուստ փորձ ունեցող գրողի անցած ուղու՝ նրա հաղթանակների և այդ ճանապարհին հանդիպած խոչընդոտների հետ ծանոթանալուց հետո հեղինակի կողմից ներկայացվեց «Փեակների տարաբախտություն» վեպը: Հեղինակը նախ խոսեց վեպի ստեղծման պատմությունից, այնուհետև մեկնաբանեց վեպի անվանումը: Վիպագիրը անդրադարձավ նաև վեպին, որը մի հայ ընտանիքի պատմություն է երջանկության և դժբախտության հարափոփոխությամբ՝ երկփեղկված Հայաստանի և Շվեդիայի միջև:
Հանդիպման ավարտին Դ.Համբարձումյանը գրադարանին նվիրեց իր հեղինակային գրքերից:
Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՄՀ աշխատակիցները, ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը: