Հազարամյա տարիների պատմություն ունեցող հայ ժողովուրդի համար գիրքն ու գրատպությունը միշտ եղել են ազգապահպանության հզոր զենք, որը փոխանցվել է դարերով և ժամանակի ընթացքում կատարելագործվել տպագրության միջոցով՝ ժառանգություն թողնելով սերունդներին պատմական փաստերն ու գիտական ձեռքբերումները:
Ս.թ. նոյեմբերի 24-ին տպագրության արվեստը Գրատպության թանգարանում նորովի բացահայտեցինԵվրասիա միջազգային համալսարանի մի խումբ ուսանողներ: Թանգարանը, որը ներկայացնում է հայ գրատպության 500-ամյա պատմությունը՝ սկսած նախագրային շրջանից, ստեղծվել է Հայաստանի ազգային գրադարանում և հանդիսանում է հայերեն տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցը: Հավաքածուն ընդգրկում է հնատիպ գրքեր, կլիշեներ, տպագրական մեքենաներ և այլն:
Ուսանողների հետաքրքրությունը էլ ավելի մեծացավ, երբ էքսկուրսավարը ներկայացրեց հայ գրատպության առաջնեկներին. առաջին գիրքը՝ «ՈՒրբաթագիրքը»(Վենետիկ 1512 թ.), հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը (Ամստերդամ 1666-1668թթ.),առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը», (1695թ. Ամստերդամ), հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը», (1794-96թթ. Մադրաս): «Հայկական գրատպության սփյուռքը» սրահում ուսանողները ծանոթացան այն հիմնական երկրներին ու քաղաքներին, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել հայերեն գրքեր:
Ուսանողների համար առավել ոգևորիչը նոր տեխնոլոգիաներով հագեցած թանգարանում ստեղծված ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայրն էր:
Տպավորիչ այցի արդունավետության մասին իրենց գոհունակությունը հայտնեցին ԵՄՀ ուսանողները՝ պայմանավորություն ձեռք բերելով հաջորդ այցը կատարել միջազգային ուսանողների հետ միասին՝ վերջիններիս ծանոթացնելով իրենց նախնիների կողմից ժառանգած գրքերին ու գրատպությանը:
Շրջայցի ավարտին հաջորդեց այցը Հայաստանի ազգային գրադարան, որտեղ ուսանողները ծանոթացան շուրջ 6.3 մլն հաշվարկային միավոր ունեցող գրադարանի պատմությանը և իմացան, որ տարբեր տարիներին գրադարանի ընթերցողների շարքում եղել են նաև մի շարք անվանի հայ գրողներ. Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Պարույր Սևակ, Նաիրի Զարյան, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյան, Սերգեյ Մերգելյան, Ջոն Կիրակոսյան և շատ ուրիշներ: Ոգևորիչ էր նաև այն փաստը, որ օրական շուրջ 900 ընթերցող ունեցող գրադարանի այցելուների շարքում են նաև օտարազգի մի շարք գիտնականներ և հետազոտողներ: