Նոյեմբերի 25 2017
IMG 9873 1

Վարպետության դաս «Գործարար բանակցություններ» թեմայով 

 

 

Ս.թ. նոյեմբերի 23-ին Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր վարպետության դաս «Գործարար բանակցություններ»  թեմայով, որը վարում էր «ՖինՍտաբ» կառավարման խորհրդատվական ընկերության տնօրեն, ԵՄՀ Կառավարման ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Արմեն Արզումանյանը: Հանդիպման սկզբում բանախոսը ներկայացրեց «բանակցություն» հասկացությունը՝ հատկապես առանձնացնելով այն մոտեցումը, համաձայն որի բանակցությունը հմտություն է, որը հնարավորություն է տալիս հաղթահարել երկընտրանքները ու ընտրել առավել փոխզիջումային վարքագիծ: Ըստ նրա, նախքան բանակցության գնալը շատ կարևոր է մտովի կառուցել սեփական գործողությունների և  ընթացիկ գործընթացի քայլերի հաջորդականության բուրգը և հաշվի առնել, թե ինչ մշակույթ կրող է բանակցող հակառակ կողմը: Բանախոսը կարևորեց նաև համակցված գործընթացների ճկունության հետ կենտրոնացվածությունը սեփական նպատակների իրագործման վրա:

Այնուհետև Ա.Արզումանյանը անդրադարձավ բանակցություններում հաջողության հասնելու կարևոր պայմաններին՝ մասնավորապես ընդգծելով տեղեկատվական հոսքերի դերը, որոնց պետք է իրազեկ լինել ամեն օր, և ըստ նրա, հենց այդ տեղեկատվության անհրաժեշտ բազայի առկայությունն է, որ հնարավորություն է տալիս ղեկավարել իրավիճակը բանակցային գործընթացում: Որպես հաջորդ պայման բանախոսը կարևորեց բանակցողի կեցվածքը (կոկիկ հագուկապը, ժեստերը, աչքերի կոնտակտը) և ճիշտ վարվելակերպը: Վերջինս պահանջում է չխոսել զրուցակցի համար տհաճ և մյուս զրուցակիցներին անծանոթ թեմաներից, այլ շեշտադրել բուն թեման: Պայմանների շարքում նա կարևորեց մտքի ճկունությունը՝ իրավիճակում արագ կողմնորոշվելու կարողությունը:

Ըստ նրա, բանակցային գործընթացի կարևոր ուսուցիչը սեփական պրակտիկ փորձն է:

IMG 9888

Բանակցության մասին խոսելիս Ա.Արզումանյանը անհրաժեշտ համարեց նշել անցկացման հետևյալ ութ փուլերը.

  • պատրաստվել գործարար հանդիպմանը (զրուցակցի մասին անհրաժեշտ տեղեկատվության հավաքում` վերջինիս ուշադրությունը գրավելու և վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով),
  • կապի հաստատում,
  • պահանջների կամ խնդիրների վերհանում (միշտ պետք է կատարել կանխատեսում, թե ինչ խնդիրներ կարող են ծագել),
  • լինել ներկայանալի (ճիշտ և հղկված խոսք, արտաքին տեսք և այլն),
  • աշխատանք ձեռք բերված համաձայնությունների հետ (կշռադատել, թե որն է ճիշտ, և որը՝ սխալ, այսինքն դսևորել փոխզիջումային մոտեցում),
  • բուն բանակցային գործընթաց,
  • ավարտ (վերջնական ստորագրություն),
  • արդյունքների վերլուծություն (հետադարձ հայացք բանակցության գործընթացի ժամանակ թույլ տրված սեփական սխալների վրա՝ հետագայում դրանցից խուսափելու նպատակով):

Տեղեկատվությամբ հագեցած հանդիպումը կրում էր ինտերակտիվ բնույթ՝ հիմնված պրակտիկ օրինակների վրա, ինչի արդյունավետությունը իրենց գոհունակությամբ փաստեցին ներկա ուսանողները:

Որպես վերջաբան, Ա.Արզումանյանը խորհուրդ տվեց հանդիպման ներկաներին գնահատել սեփական ժամանակը. արժե՞  արդյոք ծախսել այն տվյալ բանակցային գործընթացի վրա, թե ոչ: