2017թ. նոյեմբերի 18-ին ԵՄՀ միջազգային ուսանողներն այցելեցին տարածքով փոքր, սակայն արդեն 2799 տարիների պատմություն կերտած քաղաքամայր Երևանի ամենանշանավոր պատմական հուշարձաններից մեկը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Մշակութային օրվա հերթական նախաձեռնությունը կրկին պատկանում էր համալսարանի ուսանողական խորհրդին: Ուսանողները նախ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, այնուհետև այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ էքսկուրսավարի օգնությամբ ծանոթացան հարյուրամյա պատմության ողբերգական դրվագներին և վավերական մանրամասներին։
Հայոց պատմության լուռ վկաների մասին պատմությունները այնքան ազդեցիկ էին օտարերկրյա ուսանողների համար, որ նրանք չկարողացան անտարբեր անցնել թանգարանի հուշամատյանի կողքով: Ուսանողները գրառում կատարեցին հուշամատյանում՝ կիսվելով իրենց տպավորություններով:
Հիշեցնենք, որ Եվրասիա միջազգային համալսարանը՝ ի դեմս ուսանողական խորհրդի, հավատարիմ մնալով արդեն իսկ ձևավորված ավանդույթներին, շարունակելու է մշակութային օրերի շարքը՝ նպատակ հետապնդելով միջազգային ուսանողներին առավել մոտ կանգնեցնել հայոց պատմությանը, մշակույթին և արվեստին, ինչպես նաև ինտեգրել ներհամալսարանական կյանքին:
Նոյեմբերի
20
2017