Եվրասիա միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ 2017թ. հոկտեմբերի 25-ին անցկացվեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար մեթոդական վերապատրաստման հերթական դասընթացը: Այն նվիրված էր Մասնագիտության կրթական ծրագրերի առանձնահատկությունների վերլուծությանը: Վերապատրաստումն իրականացնում էր ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու, իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանը: Բանախոսը կարևորեց ուսանողակենտրոն, վերջնարդյունքների վրա հիմնված բարձրագույն կրթության թափանցիկ ծրագրեր իրականացնելու կարևորությունը: Նշեց, որ ուսանողակենտրոն ծրագրերը պահանջում են նոր մոտեցումներ և, որ կրթական ծրագրերը պետք է կառուցվեն հաշվի առնելով ցանկալի վերջնարդյունքները: Ուսանողակենտրոն ծրագրերում առկա վերջնարդյունքները պետք է համապատասխանեն ոչ միայն ուսուցման նպատակներին, այլ նաև պետք է բավարարեն ուսանողների, հասարակության սպասելիքներին, զբաղվածության ապահովմանը, անհատի և քաղաքացու զարգացմանը: Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին վերջնարդյունքներին ներկայացվող պահանջները:
Պրոֆեսորադասախոսական կազմի կողմից բարձրացվեցին թեմային վերաբերող բազմաթիվ ու տարատեսակ հարցեր: Ծավալվեց ակտիվ քննարկում, բարձրացված բոլոր հարցերին տրվեցին հանգամանալից պատասխաններ: