Ս․թ․ սեպտեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանը և հենակետային վարժարանը հյուրընկալել էր Նորվեգիայի Կրագերո քաղաքի դպրոցները ներկայացնող պատվիրակությանը։ Այցելության նպատակը ՀՀ-ում գործող հեղինակավոր որևէ դպրոցի հետ կապ հաստատելն էր և համագործակցության ծավալումը։ Հանդիպման սկզբում պատվիրակության անդամները ներկայացրեցին իրենց քաղաքը և դպրոցները, նրանք նշեցին, որ այսօր նորվեգիական դպրոցները ցանկանում են կիրառել հետխորհրդային երկրների կրթական համակարգի դրական մոդելները և միևնույն ժամանակ հայ աշակերտին հասանելի դարձնել սկանդինավյան կրթական ծրագրերի առավելությունները։ Համագործակցության սկզբնական փուլում Կրագերոյի դպրոցի ներկայացուցիչները առաջարկեցին կիրառել տեսակոնֆերանսային կապի համակարգը, որի միջոցով Եվրասիա վարժարանը կապի իրական ռեժիմով հնարավորություն կունենա մասնակցելու նորվեգիական դպրոցների հետ համատեղ կազմակերպվող սեմինարներին, բաց դասերին, քննարկումներին և այլ բնույթի միջոցառումներին, այնուհետև անցնել նաև աշակերտների փոխանակմանը։
Իրենց հերթին ԵՄՀ ներկայացուցիչները ծանոթացրեցին պատվիրակությանը Հայաստանի hանրակրթության հիմնախնդիրներին, ինչպես նաև վարժարանի և բուհի ծավալած դպրոցական և հետդպրոցական ծրագրերին:
ԵՄՀ ռեկտոր Ս․ Օհանյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց ԵՄՀ-ի ստեղծմանը, ներկայիս ուսումնագիտական վիճակին, ինչպես նաև զարգացման տեսլականներին վերաբերող որոշ տեղեկատվություն:
«Եվրասիա միջազգային համալսարնը և հենակետային վարժարանը փոխգործակցության համար բաց են բոլոր կրթօջախների համար: Ցավոք, նորվեգական բուհերի, դպրոցների և գիտական կենտրոնների հետ կապերն այդքան էլ ակտիվ չեն, սակայն մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր հնարավոր ոլորտներն ուսումնասիրելու և դրանք զարգացնելու ուղղությամբ աշխատանք իրականացնել»,- նշեց ռեկտորը:
Հանդիպումն անցավ հետաքրքիր քննարկումներով առաջիկա անելիքների, հեռահար դասերի անցկացման, փորձի փոխանակման վերաբերյալ: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխայցեր կազմակերպելու մասին: