Ապրիլի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ « Հայկական անկախ պետականությունները նորագույն ժամանակաշրջանում» երկրորդ աշակերտական գիտաժողովը:
Բացման պաշտոնական արարողությանը ելույթ ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Նա կարեւորեց գիտաժողովի դերը, հատկապես մատնանշելով , որ նմանատիպ միջոցառումներն աշակերտների մոտ զարգացնում են վերլուծական, հետազոտական-նախագծային հմտություններ: Մեթոդական այս պահանջները նոր են, դժվարությամբ են թափանցում դպրոցներ, որովհետև աշակերտների մոտ դեռևս պահպանվում է ուսուցչից որպես գիտելիքի փոխանցողի, կախվածությունը, նրանք ներկայանում են ցածր մոտիվացվածությամբ և լիարժեք ինքնահաստատված չեն: Պարոն Օհանյանը հատուկ ուշադրություն դարձրեց աշակերտների մոտ ազգային արժեքային համակարգով դաստիարակության հարցերին, որոնց պատասխանները նախ և առաջ կարելի է ստանալ պատմական լուրջ իրադարձությունների վերաբերյալ անձնական հետազոտությունների միջոցով: Աշակերտին գիտահետազոտական դաշտ բերելու ճանապարհով մանկավարժների մոտ նույնպես բնականոն պատասխանատվության բարձրացման, նոր մեթոդների նկատմամբ ավելի ջերմ վերաբերմունքի դրսևորման անհրաժեշտություն է զգացվում: Այլ կերպ ասած՝ ստեղծագործական-հետազոտական աշխատանքը դպրոցի համար պետք է դարձնել ուսումնական գործառույթի մի յուրահատուկ բաղադրամաս:
Գիտաժողովի մասնակցության վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ առանձին դպրոցների տնօրենների և պատմության ուսուցիչների կողմից այս համաժողովի նկատմամբ նկատվում է անտարբերություն (խնդրին կանդրադառնանք առանձին), որովհետև համաժողովի մասնակցությունը մի յուրահատուկ ստուգատես է յուրաքանչյուր դպրոցի համար:
Աշակերտների հետազոտական-նախագծային հմտությունների զարգացման, ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակության, մոտիվացված ուսուցման և գիտաժողովի դերի մասին մասնագիտական խոսքով գիտաժողովի բացմանը հանդես եկան նաև ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական, ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գևորգյանը, Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը և մրցութային հանձնաժողովի այլ անդամներ:
Գիտաժողովին հանրակրթական դպրոցներից ներկայացվել է մոտ յոթ տասնյակ հոդված, որոնցից շուրջ 30-ը ընտրվել է գիտաժողովին: Լավագույն երկու տասնյակ գիտական զեկուցումները կհրատարակվեն :
Հարկ է նշել նաև, որ ցանցային ուսուցման միջոցով էլ աշակերտները համալսարանից պարբերաբար կստանան իրենց հարցերի պատասխանները և հնարավորություն կունենան նախապատրաստվել հաջորդ գիտաժողովին: Նպատակն է՝ աշակերտներին մշտապես պահել գիտահետազոտական դաշտում: